ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախարարն ասաց՝ եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի. ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են Հարությունյանին

Նախարարն ասաց՝ եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի. ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են Հարությունյանին

Բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Արցախում ծառայությունը շարունակող զինվորների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացրել ՊՆ շենքի մոտ, և նրանցից մի քանիսը հանդիպել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: 

Հանդիպումից հետո ծնողներից մեկն ասաց. ՛՛Մենք բոլորս դա էինք պահանջում, բայց նախարարն ասաց, որ հնարավոր չէ, որովհետև եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի, այսինքն՝ հնարավոր չէ, որ բանակը դուրս գա Արցախից՛՛:

Ծնողներն ասացին նաև, որ իրենց տեղեկացրել են, որ  երեխաները շարունակելու են արձակուրդ գալ, ովքեր կռվին մասնակցել են, կգան արձակուրդ, նրանց կփոխարինեն  Հայաստանից ծառայողները: ՛՛Ամսի մեկից սկսած երեխաները տասնօրյա ժամկետով կգան արձակուրդ՛՛,-ասաց ծնողներից մեկը:

Մեկ այլ զինծառայողի ծնող էլ նշեց. ՛՛Մեր պահանջը չի բավարարվել, մենք եկել էինք պահանջով, որ մեր երեխաներին բերեն Հայաստան: Երեխաները գալու են Հայաստան, ասաց՝ ոչ, գալու են արձակուրդ, հետո գնալու են ծառայեն: Փուլային տարբերակ կմտածենք, կարող է՝ տեղափոխվեն երեխեքը, Հայաստանի զորամասից գնան այնտեղ, այնտեղից բերեն այստեղ՛՛:

Մեկ այլ ծնող ասաց. ՛՛Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարող է՝ Երևան էլ գան մտնեն: Մենք ասացինք՝ ժողովուրդը պատրաստ է ինքնակամ գնալ ու իր երեխաներին բերել, թե դատ է հասնում, ինչ է հասնում, դրան էլ ենք պատրաստ, ասաց՝ դա ձեզ ոչ մի լավ բանի չի տանի: Մենք ուրիշ բանի համար էինք գնացել, մենք այս պահին միայն մեկ բան ենք ուզում, որ մեր երեխաներն անվտանգ լինեն՛՛:

Հարությունյանի հետ հանդիպած ծնողները լրագրողներին ասացին նաև, որ վաղը կրկին գնալու են հանդիպման՝ 5 հոգանոց խմբով: Նրանք հստակեցրին, թե համաձայնվել են, որ Հայաստանում ծառայող զինվորները փոխարինեն Արցախում 44 օր պատերազմում կռվող, հիմա էլ ծառայությունը շարունակող զինվորներին:

  • Կիսվել: