ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը, Ղազախստանը, ԱՄԷ-ն հետաքրքրված են ռուսական «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» ուղղաթիռներով

Հայաստանը, Ղազախստանը, ԱՄԷ-ն հետաքրքրված են ռուսական «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» ուղղաթիռներով

Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow 2021-ում տեղի ունեցավ ցուցահանդեսի գլխավոր նորույթներից «Մի-28ՆԵ» հարվածային ուղղաթիռի միջազգային պրեմիերան։ «Գիշերային որսորդ» անունով ուղղաթիռի այս մոդիֆիկացիան նախկինում չի ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսներում։ Dubai Airshow-ում առաջին անգամ ցուցադրվել է նաև «Կա-52Մ»-ը: Ավիաշոուի շրջանակներում ուղղաթիռները մասնակցել են թռիչքային ծրագրին՝ ցուցադրելով մանևրելու և բարձր պիլոտաժի բարդ տարրեր, որոնք օգտագործվում են իրական օդային մարտերում:

«Կա-52Մ»-ը Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։ Արտադրողների խոսքով՝ «Կա-52Մ»-ի հրթիռները համադրվել են այլ՝ «Մի-28ՆՄ» արդիական հարվածային ուղղաթիռների սպառազինման հետ, ինչը թույլ է տվել զգալիորեն մեծացնել թիրախների հեռահարությունը: «Կա-52Մ»-ի վրա նաև ավելացել է նորագույն ռադիոտեղորոշիչ կայան՝ հատուկ ալեհավաք ցանցով, ինչպես նաև կառավարվող հրթիռ՝ ավելի մեծ հեռահարությամբ: Ուղղաթիռի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 2020 թ. օգոստոսի 10-ին: 

«Մի-28ՆԵ» ուղղաթիռը նախատեսված է օդային թիրախներ, տանկեր և զրահատեխնիկա ոչնչացնելու համար, այն կարող է օգտագործվել նաև հետախուզության և պարեկության համար։ «Մի-28ՆԵ» սպառազինության համալիրը ներառում է շարժական 30 մմ տրամագծով թնդանոթ, երեք տեսակի հակատանկային կառավարվող հրթիռներ՝ 6 և 10 կիլոմետր հեռահարությամբ, կառավարվող «օդ-օդ» հրթիռներ, երկու տեսակի չկառավարվող հրթիռներ, մինչև 500 կգ ռումբեր։

  • Կիսվել: