Եթե չեք կարողանալու տղերքի գործով զբաղվել, թող ուրիշը նստի ձեր աթոռին. ԱԱԾ պետն ընդունել է անհետ կորածների ծնողներին
Ուրբաթ օրը 17։30-ի սահմաններում մոտ 40-50 ծնողներով հավաքվել էինք Ազգային անվտանգության ծառայության մոտ, որպեսզի հանդիպեինք ԱԱԾ նորանշանակ պետի հետ, սակայն ընդունեց միայն 15 հոգու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը, որը ևս մասնակցել է հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը գնահատում է ոչ լավ, ոչ վատ:
«Նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեզ վստահեցրեց, որ ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի թողած գործը շարունակելու են անհետ կորածների մասով։ Հայրերից մեկը ասաց՝ եթե չեք կարողանալու մեր տղերքի՝ անհետ կորածների գործով զբաղվեք, թող ուրիշը գա, նստի ձեր աթոռին: Ավելի լավ է ի սկզբանե ասեք՝ չեմ կարողանալու և դուրս գաք:
ԱԱԾ պետը վստահեցրեց, որ զբաղվում են այդ հարցով։
Ինչ վերաբերում է ամսի 30-ին ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը, որի մասին Արմեն Աբազյանն էր ասել, նորանշանակ ԱԱԾ պետը վստահեցրեց, որ շարունակելու են Աբազյանի գործը»- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը, ապա հավելեց, որ ԱԱԾ պետը անդրադարձել է նաև այսօր՝ հունիսի 30-ին, անհետ կորածների գործով ադրբեջանական կողմի հետ կայանալիք հանդիպմանը:
«ԱԱԾ նորանշանակ պետը նշեց, որ ամսի 30-ի հանդիպման փոխարեն հնարավոր է նոր օր նշանակվի, որի համար բանակցություններ կտարվի։
Եթե 5 տարի սպասել ենք մեր էրեխեքին, ոչինչ, 5 օր էլ կսպասենք»,- հավելեց անհետ կորած զինծառայողի մայրը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է 30-40 րոպե, բայց ԱԱԾ նորանշանակ պետը խոստացել է, որ երեքշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, հանդիպել ծնողների 2-3 հոգանոց խմբի հետ․
«Շատ հարցեր կային, որոնց ԱԱԾ նորանշանակ պետը չէր կարող պատասխանել կես ժամում, դրա համար պայմանավորվեցին հանդիպել երեքշաբթի և նա հավելյալ տեղեկություն տա»։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողնեի ծնողները հունիսի 18-ից սկսած մի քանի օրով փակել էին Բաղրամյան պողոտան, և պահանջում էին, որպեսզի ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնը վերականգնեն, որին աշխատանքից ազատել էր Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև պահանջում էին նոր պաշտոնակատարի հետ հանդիպում, որը կվստահեցներ, որ անհետ կորածների հարցով կշարունակեն զբաղվել։
Հիշեցնենք, որ դեռ հունիսի կեսերին անհետ կորած զինծառայողների հարազատները մի քանի օր փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։
Անհետ կորածների հարազատները նշում էին, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում, և մտավախություն ունեին, որ նրան պաշտոնից հեռացնել, նշանակում է փակել անհետ կորածների գործերը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։