շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ»  ՓԲԸ֊ի արտադրամաս:

«ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։

Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։

Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը:
 

Այցի ընթացքում ՌԱԿ-ի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ  InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն հայտնել էր Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանի բացման մասին։

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 

Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:

Նկատենք, որ անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: InfoPort.am-ի թղթակիցը հնարավորություն է ունեցել անձամբ տեսնել և ուսումնասիրել վերը նշվածի նախագծերի համապատասխան փաստաթղթերն ու սարքերի մոդելների մշակումները, որոնք սակայն գաղտնիությունից ելնելով չենք կարող հրապարակել:

  • Կիսվել: