ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Սամվել Կարապետյանը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի. Коммерсантъ

Սամվել Կարապետյանը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի. Коммерсантъ

Ռուսական «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական ​​գործընթաց է սկսել Ֆրանսիայի դեմ՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Դատական ​​​​հայցը, ամենայն հավանականությամբ, առնչվում է գործարարի կողմից Լազուրե ափում բռնագրավված 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատանը։ Գործարարի ներկայիս քրեական հետապնդումը Հայաստանում կարող է թուլացնել նրա դիրքերը դատարանում ֆրանսիական իշխանությունների դեմ, ենթադրում են փաստաբանները։

2025 թվականի հունիսի սկզբին «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն արբիտրաժային վարույթ սկսեց ընդդեմ Ֆրանսիայի՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID, որը Համաշխարհային բանկի խմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում), համապատասխան տվյալների բազայում պարզել է «Коммерсантъ»-ը։ Գործի նյութերը և պահանջների էությունը նշված չեն, բայց վեճի առարկան անշարժ գույքն էր։ «Տաշիր» խումբը և ICSID-ը պարբերականի հարցմանը չեն արձագանքել։

«Տաշիր» խումբը Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկն է։ Ընկերությունն ունի ավելի քան 1 միլիոն քմ տարբեր անշարժ գույք։ Ընկերության խոշոր նախագծերի շարքում են Մոսկվայի մարզի Դմիտրովսկոե մայրուղում տեղակայված «Рио» առևտրի կենտրոնը և Novotel Moscow City հյուրանոցը։ Խմբի ընդհանուր եկամուտը 2024 թվականին աճել է 16%-ով՝ հասնելով 260 միլիարդ ռուբլու։ «Տաշիր»-ի նախագահ և գլխավոր սեփականատեր Սամվել Կարապետյանը Forbes-ի ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Սամվել Կարապետյանի՝ Ֆրանսիայի դեմ գործի նյութերում հղում կա Ֆրանսիայի և Հայաստանի միջև 1995 թվականի ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրին. այդ փաստաթուղթը նախատեսում է համաձայնագրի կողմերի փոխադարձ պարտավորություն՝ չբռնագրավել կամ ազգայնացնել ներդրողների ունեցվածքը (օրինական հանրային շահի վերաբերյալ վերապահումներով), ինչպես նաև փոխհատուցում վճարել նման բռնագրավման դեպքում, պարզաբանում է Ռ«ուստամ Կուրմաևի և գործընկերներ»-ի փաստաբան և խորհրդատու Գեորգի Սուխովը։ Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը դատական ​​հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ՝ երկրում իր սեփականության բռնագրավման պատճառով, չի բացառում «Правовая группа» ՍՊԸ-ի գործընկեր Վլադիմիր Շալաևը։

2024 թվականի սկզբին ֆրանսիական դատարանը սառեցրեց Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքը Իրինա Մարիայի առանձնատան և Լազուրե ափի Ռոքբրյուն-Կապ-Մարտենում գտնվող 3 հեկտար հողատարածքի նկատմամբ, ավելի վաղ հաղորդել էր Le Monde-ը։ Վիլլայի արժեքը գնահատվում է ավելի քան 120 միլիոն եվրո։ Ֆրանսիայի դատախազությունը համարել է, որ ակտիվի «իրական շահառուն» « Газпром»-ի դուստր ձեռնարկությունն է՝ «Газпром нефть»-ը։

Փողերի լվացման գործի նախնական քննության ընթացքում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային դատարանի (Junalco, Փարիզի դատախազության ստորաբաժանում) ֆինանսական քրեական հետաքննությունների բաժնի մաքսային ծառայողները բազմաթիվ ապացույցներ են գտել, որ առանձնատունը երբեք իրականում չի դուրս եկել «Газпром нефть»-ի վերահսկողությունից, գրել է ֆրանսիական պարբերականը։ Մինչև հետաքննության արդյունքները, քրեական գործով ձերբակալությունը արգելափակում է անշարժ գույքի ցանկացած գործարք։ Եթե ​​մեղադրանքները հաստատվեն, գույքը, ըստ ամեայնի, կբռնագրավվի և կդրվի աճուրդի։

Ենթադրվում է, որ դատավարությունը երկար և բարդ կլինի, և կողմերի առջև ծառացած առաջին մարտահրավերը կլինի արբիտրաժային դատարանի ձևավորումը, կարծում է Dispute Resolution Club-ի կառավարիչ գործընկեր Օլգա Շչեդրակովան։ Նա հավելում է, որ Դեյվիդ Գոլդբերգը, որի ընկերությունը դատարանում ներկայացնում է Սամվել Կարապետյանին, միջազգային արբիտրաժի հայտնի և փորձառու մասնագետ է։

Դա Սամվել Կարապետյանի միակ հակամարտությունը չէ Ռուսաստանից դուրս գտնվող իշխանությունների հետ։ Հունիսի 17-ին Հայաստանի քննչական մարմինները նրան մեղադրեցին երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ, հայտնել է միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Պաշտպանը նշել է, որ հետաքննությունը կպահանջի գործարարի կալանավորման միջնորդությունը։ Դրանից կարճ ժամանակ առաջ գործարարը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակվելու մեջ։ Իր հերթին, պաշտոնյան Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցելու հայտարարությունները անվանեց «քողարկում» և մեղադրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների խմբին, որը, ըստ վարչապետի, «դիտավորյալ էներգետիկ ճգնաժամ է ստեղծում՝ երկրում ներքին  դժգոհություն հրահրելու նպատակով»։ Այժմ Հայաստանի իշխանությունները սպառնում են ազգայնացնել ընկերությունը։

Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանում ներկայիս քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը Ֆրանսիայում ընթացող դատավարությունում, կարծում է Գեորգի Սուխովը։ Ֆրանսիան կարող է օգտագործել Հայաստանում Կարապետյանի քրեական հետապնդման վերաբերյալ փաստարկները՝ ցույց տալու համար, օրինակ, ակտիվների ձեռքբերման օրինականության վերաբերյալ կասկածները, չի բացառում Vinder իրավաբանական ընկերության գործընկեր Գոռ Եգորյանը։

  • Կիսվել: