հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջ են քաշվել այլ վարկածներ, սակայն որևէ վարկածի մասին հաստատ խոսելը դեռ վաղաժամ է. Մարտիրոսյան

Առաջ են քաշվել այլ վարկածներ, սակայն որևէ վարկածի մասին հաստատ խոսելը դեռ վաղաժամ է. Մարտիրոսյան

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին հունվարի 20-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել է, բայց առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ: Նախաքննությունը դեռ սկզբնական փուլում է, եւ որեւէ վարկածի մասին հաստատ խոսելը դեռ վաղաժամ է՛՛:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։

  • Կիսվել: