ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոնում մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին, որն այս տարի կրում է «Ուսուցման մշակույթի զարգացում՝ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով»» խորագիրը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 130 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ և շուրջ 1500 պատվիրակներ ամբողջ աշխարհից:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արաքսիա Սվաջյանն արհեստական բանականությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, որն իրականացվում է FAST հիմնադրամի հետ համատեղ: ՀՀ 15 ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին փորձարկվող կրթական ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել նախարարի տեղակալին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության կազմակերպմանն առնչվող մի շարք թեմաներ, որոնք համադրելի են Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների հետ:
Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կրթական կառույցներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոնդոնի կրթության ազգային ինստիտուտ, որտեղ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարմանը վերաբերող հարցեր:
«Կուրսերա» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցեր:
Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել նաև Բրիտանական խորհրդի պատասխանատուների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստող ուսուցիչների պատրաստման, ինչպես նաև հանրակրթական դպրոցների կառավարման կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել նաև Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ԲՏՃՄ առարկաների դասագրքերի մշակման ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցը։