ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հատիս» նախաձեռնությունը կդիմի դատարան լեռան հողատարածքների օտարումն ապօրինի ճանաչելու պահանջով

«Հատիս» նախաձեռնությունը կդիմի դատարան լեռան հողատարածքների օտարումն ապօրինի ճանաչելու պահանջով

«Հատիս» նախաձեռնության անդամները պատրաստվում են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը եւ քրեական վարույթ նախաձեռնել լեռանը վնաս պատճառողներին գտնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։

«Մենք ցանկանում ենք, որ վերականգնվի արդարությունը։ Հայաստանն իրավական պետություն է, իսկ օրենքն արգելում է բնության հուշարձանների օտարումը։ Տեղի է ունեցել ապօրինի գործարք, ավագանին ապօրինի որոշում է կայացրել եւ աճուրդի դրել հող, որի իրավունքը չուներ։ Ես իմ անունից հայտարարել եմ, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարի, որ հրաժարվում է արձանի կառուցման գաղափարից, դատական գործընթաց չի սկսվի։ Եթե հողատարածքը վերադարձվի պետությանը, դատի տալու իմաստ չի լինի, կմնա վնասների փոխհատուցման եւ մեղավորների բացահայտման հարցը։ Ես չգիտեմ՝ այդ դեպքում ինչ կանենք, ես հակված եմ համերաշխության եզրեր գտնելուն»,- ասաց Միսկարյանը։

Նա չբացառեց, որ Կառավարությունը կարող է որոշում կայացնել Հատիս լեռը հանել բնության հուշարձանների շարքից, բայց այդ պարագայում այն հետին ուժ չի ունենա. «Դա ընդամենը կհիմնավորի մեր այն վարկածը, որ Կառավարությունը կոռուպցիոն գործարքի է գնացել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ։

Գարեգին Միսկարյանը վստահություն հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց հայցը։

Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանը պնդեց՝ ավագանին ապօրինի որոշում չի կայացրել հողը օտարելով։

«Եթե ուզում են դատական հայց ներկայացնել, թող ներկայացնեն։ Օտարումը կատարվել է բացառապես օրինական կարգով եւ միայն գյուղատնտեսական նպատակներով։ Ինչ վերաբերում է արձանի կառուցմանը, դեռ բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ պետք է լինեն, որից հետո միայն մենք որոշում կկայացնենք»,- նշեց Ռուբենյանը։

ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն էլ ասաց, որ նախարարությանը հուշահամալիրի կառուցման նախագիծ չի ներկայացվել, որպեսզի նախարարությունն իր դիրքորոշումը հայտնի դրա առնչությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն ասաց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը չի դիմել իրենց նախարարությանը՝ գործունեությունը ծավալելու համար փորձագիտական եզրակացություն ստանալու։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական էր արձագանքել Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը՝ նշելով, որ դա կխթանի զբոսաշրջությանը։ Արձանի կառուցմանը դեմ է արտահայտվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Ավելի վաղ «Հետքը»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր (100 հա)։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գնվել է եւս 7 հա հողակտոր:

Նշենք որ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։

  • Կիսվել: