հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակոբավանքը վերականգնելով`կհաղթենք մշակութային «պատերազմում». կայացավ «Ս․ Հակոբավանքի և Քոլատակ գյուղի զարգացումը խորագրով» համաժողովը

Հակոբավանքը վերականգնելով`կհաղթենք մշակութային «պատերազմում». կայացավ «Ս․ Հակոբավանքի և Քոլատակ գյուղի զարգացումը խորագրով» համաժողովը

Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման և Քոլատակ գյուղի զարգացման համար պահանջվում է 1 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 25 հազար դոլարն արդեն հավաքվել է, որով հնարավոր է սկսել վանական համալիրի 1 եկեղեցու շինարարությունը։

Այս մասին «Ս․ Հակոբավանքի և Քոլատակ գյուղի զարգացում» խորագրով համաժողովին հայտնեց ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը։
 
«Վերականգնելով Ս. Հակոբավանքը՝ մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը և աշխարհին ներկայանում ենք համաշխարհային մշակույթի կարևոր մասը կազմող մեր ժառանգությամբ: Քոլատակը դարձնում ենք նոր տուրիստական ուղղություն, որի շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն Արցախում: Արցախում ինքներս մեզ նվիրում ենք հոգևոր ու մշակութային կենտրոն»,- նշեց Հարությունյանը: 
 
Վերջինս նշեց, որ  թշնամին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե Հակոբավանքը աղվանական է։ Հարությունյանը շեշտեց՝ Հակոբավանքը վերականգնելով` կհաղթենք մշակութային «պատերազմում»: Ծրագիրը նախաձեռնել է Արցախի կառավարությունը և Արցախի թեմը` Վրթանես Սրբազանի գլխավորությամբ։ Ծրագրին միացել են հիմնադրամներ, կազմակերպություններ և ուղղակի անհատներ:
 
«Ամբողջ վանական համալիրը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլն ԱՄՆ դոլար։ Համալիրի ներսում գտնվող 3 եկեղեցու վերականգնման համար կարող է 350 հազար ԱՄՆ դոլարը բավականացնել։ Ներկա պահին ծրագրի համար 20-25 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքվել: Արցախի կառավարությունը խոստացել է այդ գումարը հասցնել  մինչև մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի։ Այսպիսով կկարողանանք առաջին եկեղեցու շինարարությունը սկսել»,- նշեց ծրագրի համակարգողը։  
 
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ դրամահավաքն իրականացվում  է իրենց հարթակում: Նախագիծը հարթակում ներկայացվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին՝ որպես համագործակցության նախագիծ, այնուհետև ձևավորվել է դրամահավաքի արշավ: Նախագծին գումար հանգանակելու համար գործում է հետևյալ հղումը
 
«Մոտ ապագայում` դեկտեմբերի 15-ին հաջորդող շաբաթ օրը (Սուրբ Հակոբի մահվան օրն է) նախատեսվում է մոտ 200 հոգանոց խմբով ուխտագնացություն դեպի Հակոբավանք, որը կլուծի իրազեկման խնդիրը»,- նշեց Պողոսյանը։
 
Արցախի թեմն ու Արցախի կառավարությունը նախաձեռնել են Հակոբավանքի վերականգնման գործընթացը մի քանի տարի առաջ:  Արցախի թեմը՝ Վրթանես Սրբազանի գլխավորությամբ, 2022 թ. հայտարարել է Ս. Հակոբավանքի վերածննդի տարի: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» աջակցելու է նախագծի իրականացմանը:
  «Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն:  Ճարտարապետ Սամվել Այվազյանը տրամադրել է վանքի վերականգնման նախագիծը։  «Academy Films» ընկերությունը աջակցում է՝ Ս. Հակոբավանքի մասին տեսանյութեր նկարելով: «Spell»-ը ստեղծել է Հակոբավանքի մասին պատմող բովանդակություն: «Spring PR» ընկերությունը նախագծի մասին նյութեր է պատրաստում:  Լուսանկարիչ Սևակ Ասրյանը տրամադրել է հեղինակային լուսանկարներ Հակոբավանքից։  «Արևահովիտ» հարթակը և «Կենաց տուն» ՀԿ-ն միացել են վերականգնման ծրագրի վերամեկնարկին:  
 
«Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանն այս ընթացքում տպագրեց երկար տարիների իր քրտնաջան աշխատանքի արդյունքը` «Ս. Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գիրքը, որ ավելի հասկանալի լինի, թե ում է նվիրված վանքն ու ինչ արժեք ունի մեզ համար»,- նշեց ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը:
 
Նա նաև ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է անցել ավելի քան 1500 մշակութային կոթող, որից մոտ 150-ը ոչնչացվել կամ յուրացվել են։

  • Կիսվել: