ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

Եզրափակվել է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը եզրափակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված սիմֆոնիկ համերգով։ Ծրագրում ներկայացվել են Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ երեկոյի սկզբում ներկաներին իր խոսքն է ուղղել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Նա‚ մասնավորապես‚ նշել է‚ որ Չինաստանի վերջին 70 տարիների զարգացման պատմությունը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։

Ըստ դեսպանի՝ 2020թ. շարունակվելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ‚ որը հիմնված է փոխադարձ հարգանքի‚ հավասարության և փոխշահավետության վրա։
«Մեր աշխատանքի արդյունքները ծառայելու են հօգուտ երկու երկրների և երկու ժողովուրդների»‚- իր խոսքն ամփոփել է դեսպանը։

Կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախարարության անունից շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի առթիվ։

«Մենք ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական‚ տեխնոլոգիական‚ նորարարական առաջընթացին և մշակութային վերելքին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացումը։ Կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար»‚- ասել է փոխնախարարը։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայտնի չին կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահար Մելոդի Ճաոն և ջութակահար Քսե Հաոմինգը։ Վերջինս կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Քսե Հաոմինգը տեղեկացրել է‚ որ խաչատրյանական կոնցերտն առաջին անգամ չէ‚ որ նվագում է‚ այն‚ ըստ ջութակահարի‚ ունի ազգային երանգներ‚ հայկական կոլորիտ։

Ջութակահարը նշել է նաև‚ որ Խաչատրյանը բավականին հայտնի ու սիրված կոմպոզիտոր է Չինաստանում։

Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Յուան Ճաոն և Սերգեյ Սմբատյանը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

  • Կիսվել: