չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չտիրապետելով ալբաներենին՝ միջազգային գործընկերների առջև կթարգմանեմ այդ գրությունը. հայ գիտնականի պատասխանը` Ադրբեջանի ուդիների ղեկավարի կեղծիքին

Չտիրապետելով ալբաներենին՝ միջազգային գործընկերների առջև կթարգմանեմ այդ գրությունը. հայ գիտնականի պատասխանը` Ադրբեջանի ուդիների ղեկավարի կեղծիքին

Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, անդրադառնալով Արցախում հայկական հոգևոր ժառանգությանը, հայտարարել է, թե «այդ եկեղեցիները ոչ մի կապ չունեն Հայ առաքելական եկեղեցու հետ», գրում է tert.am-ը:

Այս առթիվ, հայ գիտնական, միջնադարագետ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Հակոբյանը հիշեցրել է Կովկասագետների միջազգային վերջին գիտաժողովի ժամանակ իր և Մոբիլիի միջև տեղի ունեցած միջադեպը.

«Կովկասագետների միջազգային վերջին գիտաժողովներում դուք Արցախի հայկական ժառանգություն հանդիսացող եկեղեցիները ներկայացնում էիք որպես աղվանական 3-4-րդ դարերի եկեղեցիներ` ներկայացնելով այդ եկեղեցիներից մեկի կրող պատի արձանագրությունը որպես ալբանական: Ես ձեզ պատասխանեցի.

«Պարոն Մոբիլի, ես չեմ անդրադառնա նրան, ինչ դուք ասում եք, դա ամբողջովին սուտ է: Չեմ էլ խոսի այն մասին, որ դուք 18-19-րդ դարերի հայկական եկեղեցիները ներկայացնում եք որպես 3-4-րդ դարի և ալբանական: Դուք քիչ առաջ նկար ցույց տվեցիք եկեղեցու պատից, նշելով, որ դրա վրա ալբանական արձանագրություն է գրված: Պարոն Մոբիլի, տվեք ինձ այդ նկարը, և ես, չտիրապետելով ալբաներեն լեզվին, մեր միջազգային գործընկերների առջև կկարդամ և կթարգմանեմ այդ գրությունը»:

Այս խոսքերից հետո դուք պարզապես փախաք գիտաժողովից և դրա հաջորդ օրերին ընդհանրապես չներկայացաք:

Պարոն Մոբիլի, դուք արդեն խայտառակ եք արել ձեզ ամբողջ գիտական հանրության առջև, և այս թեմայով արդեն խոսելու իրավունք չունեք»:

  • Կիսվել: