ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղեկատվական սադրանք Արցախի իշխանությունների նկատմամբ. Ով է կանգնած դրա հետևում

Տեղեկատվական սադրանք Արցախի իշխանությունների նկատմամբ. Ով է կանգնած դրա հետևում

Արդեն մի քանի օր է՝ համացանցում artshakh24.info կայքի պատասխանատու Մարատ Եգանյանը քարոզչություն է տանում, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից «բռնության ենթարկված վերաբնակիչ Արտո Գրիգորյանը լքել է Արցախը»: Այն դեպքում, երբ իշխանությունը վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիր է պատրաստվում գործի դնել, համացանցային այդ քարոզչության ուղղորդվածությունը պարզապես կասկած չի հարուցում, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

Մասնավոր խոսակցության ընթացքում Արտո Գրիգորյանն իր քայլը պատճառաբանեց նրանով, որ իրեն «խաբել են, տասը տարին լրանալուց հետո չեն տալիս տան սեփականության վկայականը»: Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ Արտո Գրիգորյանը դատապարտված է եղել, բանտից ազատվել է շուրջ երկու տարի առաջ, սակայն գյուղում չի բնակվել:

Այդ ամբողջ ընթացքում նրա երկու երեխաներին խնամել է հարազատ եղբայրը: Նորաշենի համայնքապետն ասաց, որ Արտո Գրիգորյանի տան սեփականաշնորհման որոշումը վաղուց կայացված է, բոլոր փաստաթղթերը ներկայացված են Հադրութի շրջանային վարչակազմ: Այդ հարցով Գրիգորյանը պետք է անձամբ զբաղվի, որովհետեւ սեփականության իրավունքը պետք է գրանցվի նրա անվամբ:

Այսինքն, իր բացակայությամբ հնարավոր չէ կատարել իրավաբանական ձեւակերպումներ: «Ահա այսպիսի իրավիճակ. մարդուն առաջարկում են ներկայանալ, անձամբ ձեւակերպել սեփականության իրավունքը, նոր կյանք սկսել եւ դաստիարակել երկու երեխաներին, իսկ նա, չգիտես ում դրդմամբ, ոստիկանների հետ վեճի մեջ է մտնում, այնուհետեւ artsakh24.info կայքի միջոցով Արցախի իշխանություններին, իրավապահ մարմիններին, ՄԻՊ-ին անվանարկում եւ երեխաների հետ տեղափոխվում չգիտես որտեղ:

Ո՞ւմ է ձեռնտու այս տեղեկատվական սադրանքը, ո՞վ է ուղղորդում կայքին, որի պատասխանատուն խախտում է լրագրության ոսկե կանոնը՝ ներկայացնել նաեւ երկրորդ կողմի տեսակետը»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: