հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ

Ստեփանակերտում հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:

Ինչպես հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից, Պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով:

Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։

  • Կիսվել: