ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանամերձ Հացին` այսօր. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

Սահմանամերձ Հացին` այսօր. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Մարտունու շրջանի Հացի համայնքը 160 բնակիչ ունի: Թշնամու դիրքից 900 մ հեռավորության վրա գտնվող գյուղը շարունակում է ապրել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:

«Մեր համայնքում պատերազմից հետո հաստատվել է 1 ընտանիք՝ 4 հոգով: Այս պահի դրությամբ 1 տուն է վերանորոգվում` տեղահանված ընտանիքի տրամադրելու նպատակով: Ազատ բնակֆոնդում ունենք ևս 7 տուն, որոնք վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր կացարանի խնդիր ունեն: Համայնքապետարանի շենքը, բուժկետը, ակումբը, հանդիսությունների սրահը գտնվում են բարվոք վիճակում, սակայն գյուղամիջյան ճանապարհները բարեկարգման կարիք ունեն: Դպրոցում սովորում է 11 աշակերտ: Մանկապարտեզի շենք չունենք. գյուղում նախադպրոցական տարիքի 7 երեխա կա։ Նրանցից 4-ը հաճախում է Աշանի մանկապարտեզ. տրանսպորտային ֆինանսավորումն իրականացնում է ամերիկահայ բարերար Շանթ Չարշաֆյանը: Սեպտեմբերին մեր համագյուղացի, բարերար Նելսոն Սարգսյանի և Մարտունու շրջվարչակազմի աջակցությամբ բարեկարգել ու վերակառուցել ենք զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը: Մարտին էլ իրականացրել ենք գյուղի «Անահիտ» և «Ակն» աղբյուրների 15 հորերի մաքրում, իսկ սեպտեմբերին Վիլհելմ Կարապետյանի միջոցներով բարեկարգել ենք առաջին աղբյուրը»,- ներկայացրել է Ս. Սարգսյանը:

Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ Արցախյան աշնանային պատերազմի ընթացքում գյուղը 3 զոհ է տվել, 2 հոգի էլ պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվել են։ Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ` չնայած, որ գյուղտեխնիկայի պակաս է զգացվում։

«ԿԽՄԿ-ի կողմից 14 հատ և «Սահման» կազմակերպության կողմից 2 հատ 110 մ/ք մակերեսով ջերմոցներ են տրամադրվել գյուղի բնակչությանը. նրանք սկսել են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ:

«Հիմնաթավուշ» զարգացման հիմնադրամի կողմից համայնքի բնակիչներին տրամադրվել է 300 տնկի: Ապրիլին ամերիկահայ բարերար Արսեն Շիրվանյանը գյուղի 49 ընտանիքների հատկացրել է 1225 հատ հավի ճուտ »,- ընդգծել է մեր զրուցակիցը` առաջնային խնդիր համարելով սահմանամերձ համայնքի անվտանգությունը:

  • Կիսվել: