ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սա ու նման 10 այցերն էլ ղարաբաղյան հակամարտությունը չեն լուծելու. Բաքու այցելած արցախցի լրագրող

Սա ու նման 10 այցերն էլ ղարաբաղյան հակամարտությունը չեն լուծելու. Բաքու այցելած արցախցի լրագրող

Ադրբեջան այցելած հայ լրագրողներից մեկը ՝ Արցախի Հանրային հեռուստատեսության թղթակից Էդգար Էլբակյանը, կիսվել է PrimeNews.am հետ ուղեւորությունից ստացած իր տպավորություններով եւ նկատառումներով։

«Խորքային խնդիրը մեկմեկու այցելելն ու վերադառնալուն պես լրագրողական աչքերով սեփական հասարակություններին ներկայացնել այն, ինչ տեսել ենք», - ասաց Էդգարը։

Այցը, արցախցի լրագրողը անհրաժեշտ է համարում, բայց նաև հասկանում է, որ սա ու նման 10 այցերն էլ ղարաբաղյան հակամարտությունը չեն լուծելու: Այդուհանդերձ, դրանք, ըստ լրագրողի, կարող են հանգեցնել մարդկային շփման, միմյանց մասին, օբյեկտիվ պատկերացում կազմելուն:  Ավելին, Էլբակյանի խոսքով, նման փոխայցերը ամեն դեպքում թուլացնում են լարվածությունը:

«Սա մեծ լճում փոքրիկ կաթիլ է: Նման այցերը ուղղակի թույլ են տալիս հասկանալ միմյանց, օրինակ, մենք լսեցինք նրանց կողմից միֆեր մեր երկրի, պետության հետ կապված, փորձեինք նրանց հերքել: Օրինակ՝ իերնք շատ չափազանցված կարծքի ունեին ղարաբաղյան հարցում Սփյուռքի դիրքորոշման ու այդ հարցում նրանց մասնակցության մասին, իրենց թվում էր,թ ե եթե չլիներ Սփյուռքը, մենք շատ ավելի հեշտ կգնայինք զիջումների: Բայց փորձեցինք բացատրել, որ դա այդպես չէ: Միգուցե որոշ պատկերացումներ էլ մեզ մոտ աղոտ էին, իրենց հետ շփումներում մեզ մոտ ավելի հստակ պատկերացում ձևավորվեց», փոխանցեց արցախցի լրագրողը:

Ինչ վերաբերում է Բաքու մեկնած լրագրողների անվտանգությանը, Էլբակյանը ասաց, որ այն ապահովվում էր համապատասխան կառույցների կողմից՝ բարձր մակարդակով:

Հայ լրագրողների այցելությունը Բաքու առաջին անգամ էր, որ կազմակերպվել էր երկու պետությունների ղեկավարների նախաձեռնությամբ: Նրանք եղել են Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջայում): Այս այցելությունը առաջինն էր նաև նրանով, որ առաջին անգամ Բաքու է այցելում Արցախը ներկայացնող լրագրող: Հայ լրագրողները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողական համայնքի հետ: 

Նոյեմբերի 17-23-ը հայ երեք լրագրողների այցը Բաքու կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի միջնորդությամբ ու համակազմակերպմամբ: Լրագրողների այցի նպատակը եղել է կողմերի միջև հումանիտար շփումների ակտիվացումը:

Նկատենք, որ Բաքու մեկնել են երեք  լրագրողներ՝ Դավիթ Ալավերդյանը (Մեդիամաքս), Արտյոմ Երկանյանը («Շանթ») և Էդգար Էլբակյանը (Արցախի հանրային հեռուստաընկերություն):

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: