ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն այս անգամ դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:

Ինտերակտիվ դասի սկզբունքով վերջիններս լուսավորչական ակցիա են իրականացրել՝ ներգրավելով ռազմական ճանապարհային ոստիկանության, հումանիտար ականազերծման ստորաբաժանումների և խաղաղապահ զորակազմի հրշեջ պահակախմբի ռուս մասնագետներին: Ավելի քան 50 աշակերտի պատմել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության գլխավոր միջոցառումների մասին:

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինվորականները երեխաներին բացատրել են մարտական գործողությունների դաշտ հանդիսացած վայրերում գտնվելու վտանգի մասին՝ այնտեղ գտնվող բազմաթիվ պայթյունավտանգ առարկաների պատճառով:

Սակրավորները ցուցադրել են ռուս ինժեներների ժամանակակից հանդերձանքը, ականազերծման աշխատանքների ժամանակ կիրառվող ОВР-2 «Сокол» համալիրը՝ նախատեսված ինժեներների պաշտպանության համար:

Դպրոցի բակում խաղաղապահները ցուցադրել են, թե ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումը: Հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են, թե ինչից կարող է հրդեհի բռնկում տեղի ունենալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: