ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օկուպացված տարածքներում 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները ոչնչացվում են, իսկ  մինչև 19-րդ դարինը՝ բռնայուրացվում. Լեռնիկ Հովհաննիսյան

Օկուպացված տարածքներում 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները ոչնչացվում են, իսկ մինչև 19-րդ դարինը՝ բռնայուրացվում. Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցան 10 պետական և 2 ոչ պետական թանգարաններ, որտեղ պահպանվում էին 20885 ցուցանմուշներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  բռնազավթված տարածքներում է մնացել  մոտ 2000 հուշարձան:
 
«Մեր կողմից վկայագրված 346 վանական համալիր եկեղեցի մատուռից 169, ինչպես նաև  117 ամրոցից 52-ը մնացել է թշնամու տիրապետության տակ»,-մանրամասնել է Լ. Հովյանիսյանը:
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված՝  հայկական մշակութային ժառանգության ավերումն ու բռնայուրացումն իրականացվում է երկու խմբով:
 
« 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները  հստակ հրամանով ոչնչացվում են. օրինակ՝ Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարը, Որոտանի խաչքարային խմբերը: Մինչև 19-րդ դարի մեր մշակութային ժառանգությունը բռնայուրացվում է, որը  սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից»,-ընգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիրներից է  նաև Բերձորի և Աղավնոյի եկեղեցիների ճակատագիրը, որոնք մզկիթի վերածելու վերաբերյալ Ադրբեջանում առաջարկներ են հնչել:
 
Մինչդեռ Արցախի Հանրապետությունում, ըստ փոխնախարարի,  ժամանակին իսլամական մշակութային կոթողները վկայագրվել և պահպանվել են, ինչը պետք է օգտագործել տեղեկատվական դաշտում: Լեռնիկ Հովհաննիսյանի տեղեկատվությամբ՝ ըստ 1998 թվականի  վարչատարածքային բաժանման՝ Արցախի Հանրապետության տարածքում  կար 17 մզկիթ, որից 6-ն Ակնայի շրջանում, 4-ը՝ Շուշիում:

  • Կիսվել: