երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին հանգստյան օրերին և շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով»,- ասել է նա և անընդունելի համարել նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի են»։

Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը և զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։

«Այս քայլերով մենք եզրակացության կգանք Ադրբեջանի մասին»,- հավելել է նա և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները նույնպես պարտավոր են նպաստել խաղաղ բնակչության պաշտպանության ապահովմանը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են ԵՄ դիտորդները։ «ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից»,-ասել է նա:

  • Կիսվել: