կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները․ կտրվի միանվագ աջակցություն

Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները․ կտրվի միանվագ աջակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: 

Հաջորդ կարևոր ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով», - նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: