հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված 397 անձ մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով արդեն աշխատում է. Փոխնախարար

ԼՂ-ից բռնի տեղահանված 397 անձ մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով արդեն աշխատում է. Փոխնախարար

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով 397 պայմանագիր կա ստորագրած, ընթացքի մեջ են նոր պայմանագրեր, այսինքն՝ կարելի է պաշտոնապես համարել, որ այս ծրագրով սկսել է աշխատել 397 անձ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Նա նախ հիշեցրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրոդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։

«Յուրաքանչյուր բաղադրիչն ունի իր առանձնահատկությունները, ուսուցման բաղադրիչով մինչեւ 6 ամիս դասընթացներն են տեւում, որի ընթացքում պետությունը փոխհատուցում է ուսուցման վարձը՝ մինչև 50 000 դրամի չափով, որից հետո կնքում է առնվազն 3 ամսով աշխատանքային պայմանագիր, որի ընթացքում պետությունը յուրաքանչյուր ամիս գործատուին փոխհատուցում է եկամտային հարկի բոլոր ծախսերը՝ մինչև 50 000 դրամ»,-ասաց փոխնախարարը։

Պրակտիկայի բաղադրիչի դեպքում առնվազն 6 ամիս աշխատանքային պայմանագիր պետք է կնքել, որից 3 ամսվա ընթաքցում պետությունը գործատուին փոխհտուցում է աշխատավարձի չափը՝ մինչեւ 165 հազար դրամի չափով, ներառյալ հարկերը։ 3 ամսից հետո աշխատողին փոխհատուցում է եկամտահարկը՝ մինչև 50 000 դրամ ամսական։

Երրորդ բաղադրիչը, ըստ նրա՝ առաջին երկու բաղադրիչների համադրություն է. «ուսուցում մինչեւ 6 ամիս, փոխհատուցում ուսման վարձի մինչեւ 50 հազար դրամ ամսական, որից հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամսով, պրակտիկայի համար ևս փոխհատուցվում է աշխատավարձի գումարը՝ 165 հազար դրամ, եւ հաջորդ երեք ամսվա ընթացքում էլ մինչեւ 50 հազար դրամ յուրաքանչյուր  ամիսը հարկերի փոխհատուցումներն են»,- ընդգծեց փոխնախարարը:

«Տարբեր շահառուների համար տարբեր մոտեցումներ կան աշխատանք գտնելու համար, ուսուցման դեպքում մասնագիտություն ձեռք բերել են ուզում: Կան, որ բազային գիտելիքներ ունեն, սակայն աշխատանքի հիման վրա փորձ պետք է ձեռք բերեն։ Իսկ երրորդ բաղադրիչով փորձում ենք օգնել առավել մեծ խնդիրներ ունեցող և խոցելի խմբին, որոնք բազային գիտելիքի պակաս ունեն, կարող են նաև պրակտիկա անցնել և աշխատանք իրականացնելով փորձ են ձեռք բերում»,-ասաց նա։

Հարցին՝ ովքեր կարող են ընդգրկվել այս ծրագրում, Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ նախ նա պետք է լինի ԼՂ-ից բռնի տեղահանված, երկրորդը, վերջին մեկ ամսում որեւէ տեղ աշխատած չլինի, եւ երրորդը, պետք է լինի 16-63 տարեկան:

«Որեւէ սահմանափակում չկա, եթե ցանկացողների թիվն ավելի մեծ լինի, քան կանխատեսել ենք, որեւէ խնդիր չկա: Խոսքը 2020 թվականին Հայաստան բռնի տեղահանվածների վրա չի տարածվում, քանի որ այդ ժամանակ բռնի տեղահանվածներն ավելի շատ արդեն ինտեգրվել են, հիմնականում գտել են իրենց աշխատանքը: Ծրագիրը 2023-ին բռնի տեղահանվածներին է վերաբերում»:

Փոխնախարարի խոսքով, այն անձինք, որոնք ուզում են օգտվել այս ծրագրից, պետք է մոտենան ցանկացած սոցիալական ծառայության տարածքային գրասենյակ, որոնց թիվը ՀՀ-ում 49 է, որտեղ իրենց խորհրդատվություն կտրամադրեն:

Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այս պահին բոլորը պրակտիկան են նախընտրում, ուսման բաղադրիչով դեռ չեն դիմել:

  • Կիսվել: