երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը. ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը. ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։

Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում։

Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է:

Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։

Բարձր է գնահատվել 30 000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։

Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:

  • Կիսվել: