երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կոչ եմ անում իմ իսրայելցի ընկերներին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին. Իսլանդիայի խորհրդարանի անդամ

Կոչ եմ անում իմ իսրայելցի ընկերներին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին. Իսլանդիայի խորհրդարանի անդամ

Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թորարինսոնը Արցախում անցկացված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջին անգամ է Արցախում և իր համար՝ որպես քրիստոնյայի, պատիվ է լինել առաջին քրիստոնյա երկրում:

«Ես աշխարհում ամենախաղաղասեր երկրի ներկայացուցիչն եմ: Իսլանդիան բանակ չունի, մենք չենք արտադրում որևէ զինամթերք: Մեզ համար լուրջ վտանգ է ներկայացնում միայն մեր բնությունը՝ երկրաշարժերը, հրաբուխները: Մենք փոքր երկիր ենք և փոքր դերակատար միջազգային հանրության բեմում, բայց երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, մեր գործը մեծ է: Մենք հայտնի ենք նրանով, որ պաշտոնապես ճանաչում ենք նորանկախ երկրներին»,- նշեց Իսլանդիայի խորհրդարանի անդամը:

Բիրգիր Թորարինսոնը նշեց, որ Արցախում ականատես է եղել վերջին արտադրության զինամթերքի կիրառմանը խաղաղ բնակչության դեմ: Մահվանը կարելի է հանդիպել անգամ փողոցում քայլելիս: Կարող է հարվածել ադրբեջանական ԱԹՍ-ն, որը փաստացի արտադրում են Թուրքիան ու Իսրայելը:

«Կոչ եմ անում իմ իսրայելցի ընկերներին՝ դադարեցրե՛ք այլևս զենքի վաճառքն Ադրբեջանին: Թուրքիայի դերակատարությունն այդ հակամարտությունում անընդունելի է բոլոր առումներով: Եվ հազարավոր ահաբեկիչների ներգրավումը պատերազմում և վարձատրումն Ադրբեջանի կողմից անընդունելի են միջազգային իրավունքի տեսանկյունից»,- նշեց Բիրգիր Թորարինսոնը՝ հավելելով՝ միջազգային հանրությունը ցավալիորեն լռում է այս ամենի մասին:

Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը հույս հայտնեց, որ մի օր հայերն ու ադրբեջանցիները կընկերանան այնպես, ինչպես դա տեղի ունեցավ իրենց՝ իսլանդացիների ու անգլիացիների պարագայում:

Մինսկի խումբը, ցավոք, հաջողության չի հասել՝ նշեց  Բիրգիր Թորարինսոնը՝ հավելելով, որ առաջին քայլը պետք է լինի խաղաղապահների ներգրավումը:

«Իսլանդիան պատրաստ է օգնելու իրեն տրված բոլոր հնարավորություններով»,- եզրափակեց բանախոսը:

  • Կիսվել: