շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կատարե՞լ է բանակն իր խնդիրը. Վերլուծում է Արցախի ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը

Կատարե՞լ է բանակն իր խնդիրը. Վերլուծում է Արցախի ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը

44 օր տևած մարտական գործողությունների ավարտը մեր երկրի համար նշանավորվեց ծանր կորուստներով  և ողջ հասարակության դառը հիասթափությամբ: Պատերազմի սկզբնական փուլում կային սպասումներ, որ նորից հաջողվելու է կրկնել 1993-94 թթ. հաղթարշավը, ուստի նոյեմբերի 10-ին ձևավորված իրողությունների հետ հաշտվելը գրեթե անհնարին էր:  Տարբեր սոցիալական ցանցերի դիտարկումը, ինչը հանրային տրամադրությունների մասին պատկերացում կազմելու արդյունավետ եղանակներից մեկն է, հանգեցնում է մի ցավալի եզրակացության. հասարակության զայրույթի թիրախում սկսում է հայտնվել բանակը, և որոշ ուժեր ջանքեր չեն խնայում այդ գործընթացն ուղորդելու կամ արագացնելու համար:

         Սեպտեմբերի 27-ից նեյեմբերի 9-ը տևած մարտական գործողություններն, անկասկած, համակողմանիորեն վերլուծվելու են, սակայն նախքան այդ ռազմագիտական մանրակրկիտ աշխատանքն անհրաժեշտ է հետհայաց նետել անցած ամիսներին հասկանալու համար՝ կարո՞ղ էր բանակն անել ավելին, քան կատարել է:

        Հակառակորդը մանրակրկիտ կերպով նախապատրաստվել էր պատերազմին: 44-օրյա մարտական գործողությունները նրա երկարաժամկետ ծրագրի  եզրափակիչ փուլն էին: Առաջիկա պատերազմին նախապատրաստվելն իրականացվել էր մի քանի փոխլրացնող ուղղություններով

        . ստեղծելով բանակցային գործընթացին ներգրավվածության տպավորություն՝  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն վիժեցրել է որևէ առարկայական պայմանավորվածության ձեռքբերումը՝ պատերազմի նախապատրաստվելու համար ժամանակ շահելու նպատակով,

       .     ստեղծելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կողմնակիցը լինելու  տպավորություն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ միջոց չի խնայել ադրբեջանական ժողովրդին ամենից վայրագ հայատացյություն ներարկելու համար,

       . վերլուծելով արցախյան պատերազմի փորձը՝ հակառակորդն իրականացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծածավալ գնումներ՝ ինչ-որ պահի կարողանալով հասնել որակական առավելության հարվածային ԱԹՍ-ների և գերճշգրիտ զինատեսակների ոլորտում,

      . վերլուծելով արցախյան պատերազմի փորձը՝ հակառակորդը ձևավորել է բարդ անտառալեռնային տեղանքում մարտ վարելու ունակ ստվարաթիվ հատուկ նշանակության ուժեր և դրանք մարզել վերջին 7-8 տարում առաջնագծում անընդհատ իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձերի ընթացքում,

    .   Ադրբեջանին հաջողվել է ձևավորել հակահայկական առանցք այնպիսի պետությունների ընդգրկմամբ ինչպիսին են Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, ինչպես նաև՝  տարաբնույթ ահաբեկչական կազմավորումները,

          2016 թ. ապրիլյան քառօրյան ապագա պատերազմի գլխավոր փորձն էր: Չկարողանալով հասնել առաջադրված խնդրի ամբողջ ծավալով կատարմանը՝ Ադրբեջանին որոշակի չափով հաջողվեց բացահայտել մեր պաշտպանության կազմակերպման ուժեղ և խոցելի կողմերը: Պատահական չէ, որ 2020 թ. մարտական գործողությունների ամբողջ ընթացքում ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ները բառացիորեն իրականացնում էին  հրետանային հաշվարկների, ՀՕՊ միջոցների ու ղեկավարման կետերի որս:

         Բազմաթիվ օտարերկրյա փորձագետներ համակարծիք են՝ 2020 թ. աշնանային ռազմագործողության պլանը մշակվել է Թուրքիայի կամ Իսրայելի գլխավոր շտաբում:  Թերևս այդ տեսակետի անուղղակի ապացույց կարելի է համարել Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովի և ԳՇՊ Ն. Սադիկովի տարօրինակ լռությունն ամբողջ ռազմագործողության ընթացքում:

         Նախապատերազմական շրջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում, ըստ հետախուզական հանրությանը մոտ կանգնած ռուսական աղբյուրների, իրականացվել է 600 զինծառայող ընդգրկող թուրքական զորախմբի և  Մերձավոր Արևելքում հավաքագրված հազարավոր վարձկանների փոխադրումը պատերազմական գործողությունների թատերաբեմ: Մշակվել էին թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից ադրբեջանական բանակի ուղղակի կառավարման և փոխգործակցության կազմակերպման հարցերը, թուրքական արբանյակների, իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների ընդգրկմամբ սկսել էր իրականացվել մեր առաջնագծի և պաշտպանության խորքի ինտենսիվ հետախուզություն:

        Մարտական գործողությունները մեկնարկեցին ՊԲ զորամասերի ՄՏՎ-ներին, ղեկավարման կետերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի տարրերին հասցված միաժամանակյա հարվածներով: Ադրբեջանական ցանցահեններին հաջողվեց հասանելիություն ստանալ «Ղարաբաղ  Տելեկոմի»  սերվերներին և պատերազմի առաջին օրերին խափանել բջջային կապն ու համացանցը: Սակայն ընդհանուր առմամբ գործողություններն ամենևին էլ չեն զարգացել հակառակորդի նախագծած սցենարին համահունչ, մանավորապես՝

          . չի հաջողվել շարքից հանել բանակի կապի համակարգը, մինչ մարտական գործողությունների ավարտը ՊԲ ստորաբաժանումները եղել են լիովին կառավարելի և խնդիրներ են իրականացրել հրամանատարության միասնական մտահղացման շրջանակներում,

         .  չի հաջողվել շարքից հանել տեխնիկական հետախուզության և տեսադիտարկման համակարգերը: ՊԲ-ն ստիպված չի  եղել կռվել կուրորեն,

         .  չնայած ղեկավարման կետերին հասցված հարվածներին՝ բանակը գլխատել չի հաջողվել, բանակի բարձրագույն հրամանատարությունը, թեև կրել է ցավալի կորուստներ, վստահորեն իրականացրել է ենթակա միավորումների և զորամասերի մարտական կառավարումը,

             Հարվածային ԱԹՍ-ների ու  հթիռահրետանային զանգվածային հարվածներից հետո ադրբեջանական  բանակն ու նրա կազմում  մարտնչող ահաբեկչական խմբավորումներն անցել են լայնածավալ գրոհի ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Այստեղ հարձակման անցած հրոսակախմբին  անակնկալ են մատուցել առաջնագծում կանգնած հայ սպաներն ու զինվորները: Ադրբեջանի հարձակողական ռազմագործողության ժամանակացույցը սկզբից ևեթ ձախողվել է. ըստ թուրք-ադրբեջանական միացյալ հրամանատարոթյան հաշվարկների մարտական գործողությունների յոթերորդ օրն ադրբեջանական բանակը Քարվաճառի օպերացիոն ուղղությամբ պետք է դուրս եկած լիներ  Հայաստանի Հանրապետության սահման, սակայն աննախադեպ խտության կրակային ազդեցության պայմաններում հայ մարտիկների ցուցաբերած համառ դիմադրությունը ստիպել է առաջխաղացման յուրաքանչյուր մետրի դիմաց վճարել անչափ ծանր գին: Ըդհանուր առմամբ Արցախի Հանրապետության հյուսիսայի և կենտրոնական օպերացիոն ուղղություններում հակառակորդն ունեցել է սահմանափակ հաջողություն:

                Գաղտնիք չէ, որ Շուշիի անկմանը հանգեցրած իրադարձությունների մեկնակետը եղել է Հադրութը: Հայկական միջնադարի շնչով հագեցած այդ պատմական բնակավայրի անկման ռազմական պատճառների վերլուծությունը դեռ պետք է կատարվի, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրանց շարքում ոչ վերջին տեղն ուներ ադրբեջանական բանակի առջևից քայլող խուճապը: Չստուգված լուրերի ակնթարթային տարածումը, «ականատեսների»՝ իրականության հետ որևէ կապ չունեցող «վկայությունները», հարվածային ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի հրթիռահրետանային համակարգերի զանգվածային կիրառման, հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ հայկական թիկունք ներթափանցման հոգեբանական ազդեցությունը հայկական կողմի անհաջողությունների հիմնական պատճառների թվում են:

              Որակապես տարբեր է եղել նաև ՊԲ ստորաբաժանումների և այլ ուժային կառույցների, կամավորական ջոկատների վարած պատերազմը: Ամենևին չնսեմացնելով մեր զինակից եղբայրների հերոսականությունն ու մեծ ավանդը՝ այնուամենայնիվ պետք է ընդունել, որ  նրանց կարգապահության՝ բանակային չափանիշներին ոչ միշտ համապատասխանող աստիճանը,  անհարկի ինքնուրույնությունը,  ընթացող մարտական գործողությունների ժամկետների, ձևերի և նպատակների վերաբերյալ երբեմն յուրօրինակ պատկերացումները  միշտ չէ, որ նպաստել են ռազմաճակատի գծի կայունության պահպանմանը:

            Սակայն  մեր անհաջողության հիմնական պատճառն այլ է. գաղտնիք չէ, որ պատերազմն առաջին հերթին տնտեսությունների մրցակցություն է: Պատերազմը հրեշ է, որն ամեն ակնթարթ խժռում է հսկայական քանակությամբ նյութական միջոցներ: Զինծառայողների հերոսականությունը,  մարտական գործողությունների հանճարեղ ղեկավարումը գործոններն են, որոնց հաշվին կարելի է որոշակի ժամանակահատվածում չեզոքացնել հակառակորդի բացարձակ տնտեսական առավելության ազդեցությունը, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում ՀՆԱ ցուցանիշն ավելի կարևոր է, քան տվյալ պահին մարտադաշտում գտնվող հրանոթների թիվը:

                 Հայկական կողմի ամրության պաշարը միանգամայն բավարար էր  Ադրբեջանին հաղթելու համար:  Սակայն այս պատերազմում մեր հակառակորդն Ադրբեջանը չէր. մենք պատերազմել ենք Թուրքիայի, Պակիստանի և միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ, որոնց անվերապահ ռազմատեխնիկական աջակցություն էին ցուցաբերում Իսրայելը և Ուկրաինան:

               Անգամ այդ անչափ ծանր պայմաններում հայոց բանակին հաջողվել է հերոսական դիմարությամբ հակառակորդին հասցնել այնպիսի մեծաթիվ, անընդունելի կորուստներ, որ նա համաձայնել է մեզ համար ցավոտ հրադադարին: Կարելի է վստահ լինել, եթե հայոց բանակը չկարողանար կատարել իր խնդիրը,  Ադրբեջանի համար պատերազմի ընդունելի վերջակետ էր դառնալու միմիայն Արցախի լիակատար հայաթափումը:

  • Կիսվել: