Հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք. Նարեկ Մկրտչյան
Այժմ ընթացքում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, և հընթացս, փոխվարչապետ պարոն Խաչատրյանի գլխավորությամբ, միջգերատեսչական տարբեր քննարկումների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնակցությամբ որոշակի փորձագիտական խմբերի հետ քննարկումների արդյունքում մշակել ենք մի շարք բարեփոխումներ և սահմանել նոր ընթացակարգեր: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրվում է 3-5 մլն դրամ՝ կախված այն բանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում կամ կառուցվում անշարժ գույքը: Այս նախագծով առաջարկում ենք սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ: Այս պահին եղած ցանկերում ներառված են 57 համայնքների 452 բնակավայրեր: Մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանենք 611 բնակավայր, և այդ բնակավայրերի համար սահմանենք 4 մլն դրամ: Սահմանել, որ ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից: Այսինքն՝ մեկնարկած են: Դիմումներն ընդունում ենք: Ծրագիրը, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից, և ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թվականի դեկտեմբերի 31-ը»,- նշեց նախարարը:
Նա ասաց, որ նախագծով սահմանվում է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգ այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելի աջակցության չափից:
«Մենք այդ դրական մնացորդը հնարավորություն ենք տալիս օգտագործել 3 ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
«Մեկ այլ կարգավորմամբ առաջարկում ենք ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով, որը հնարավորություն կտա վերականգնել որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքները: Սա վերաբերելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, այլ ոչ թե մյուս աջակցության ծրագրերին, որը մենք ունեցել ենք. դրամական աջակցության նկատի ունեմ»,- ասաց նա:
ԱՍՀ նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվել են նաև տարբեր իրավակիրառ պրակտիկայից բխող այլ լավարկումներ, որոնք հնարավորություն կտան առավել սահուն և անխոչընդոտ կազմակերպել մեր հայրենակիցների կողմից հավաստագրերի իրացումը:
«Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, և իրացվել է ավելի քան 390-ը: Այս լավարկումով, բարեփոխումներով մենք վստահ ենք, որ թիվը էականորեն կսկսի մեծանալ և ավելի շատ շահառուներ կկարողանան մասնակցել ծրագրին»,- նշեց Նարեկ Մկրտչյանը: