երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է ԼՂ հումանիտար օգնության տեղափոխման մասին ավելի վաղ հրապարակված տեքստը՝ հանելով թե՛ Ստեփանակերտ, թե՛ Խանքենդի անվանումները

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է ԼՂ հումանիտար օգնության տեղափոխման մասին ավելի վաղ հրապարակված տեքստը՝ հանելով թե՛ Ստեփանակերտ, թե՛ Խանքենդի անվանումները

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է դեսպանության ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակված՝ ԼՂ հումանիտար օգնության տեղափոխման մասին տեքստը, որտեղ հիշատակված էր նաև Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվանումը։ Փոփոխված տարբերակում առհասարակ հանված են թե՛ Ստեփանակերտ, թե՛ Խանքենդի անվանումները:

ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով հրապարակվել էր հետևյալ ձևակերպումը․ «...ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/ Խանքենդի 50 տոննա բեռ է հասցվել»։

Դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն ասել է, որ տեքստը սրբագրվել է, որպեսզի որևէ լարվածություն չառաջանա, գրում է Sputnik Armenia-ն։

«Մենք ուշադրություն դարձրեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընկալվում։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ որևէ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը սրբագրվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է Գուչկովը։

Փետրվարի 23-ին ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է հասցրել Արցախ, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը ՌԴ ԱԻՆ կայքում հրապարակվել է փետրվարի 24-ին։

 

  • Կիսվել: