չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ հրապարակային չի արտահատվել Լավրովյան պլանի դեմ. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ հրապարակային չի արտահատվել Լավրովյան պլանի դեմ. Վահրամ Աթանեսյան

Voskanapat.info-ի մեկնաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը, յուրովի մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտնի հայտարարությանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անդրադարձը, հանդես է եկել «Համաձա՞յն է Արցախն Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին» հոդվածով, որի հիմնական ասելիքը սա է. «Այդ հարցում (ԼՂ կարգավորման) պաշտպանական վերջին գիծ կարող էր լինել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Եւ շատ ցավալի է տեսնել, թե Արցախի առաջնորդն ինչպես է կրկնում Նիկոլ Փաշինյանի սխալները՝ փաստացի վերացնելով  իմ կողմից  նշված  վերջին պաշտպանական գիծը»:

Անդրադառնալով այդ հոդվածին` վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը նշում է. «Մելիք-Շահնազարյանը կարող էր իրեն մի փոքր նեղություն տալ, համացանցում որոնել եւ կարդալ կարգավորման յոթ սկզբունքները, որ Արայիկ Հարությունյանը հրապարակել է դեռեւս նախագահի պաշտոնը չստանձնած՝ ի պատասխան կարգավորման փուլային տարբերակի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության: Որի դեմ, ի դեպ, Հայաստանի նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ, նրանց շահերն սպասարկող ոչ մի մեկնաբան չհամարձակվեց հրապարակային մոտեցում արտահայտել: Պարզ է՝ թե ինչու:

Մոսկվան անմիջապես հղում կաներ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Սա, իհարկե, այլ թեմա է: Անընդունելին այն է, որ Մելիք-Շահնազարյանը փուլային տարբերակը ոչ թե ռուսական կամ համանախագահների կողմից ներկայացվող է համարում, այլ՝ Ադրբեջանի առաջարկած տարբերակ: Ենթատեքստը հասկանալի է: Մի բան է Ռուսաստանի կամ համանախագահների առաջարկությունը եւ բոլորովին այլ՝ ադրբեջանականը:

Մեկնաբանն, այսպիսով, սրում է ինտրիգը: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն արդեն բոլոր բնագծերը հանձնել է, համաձայնել «ադրբեջանական նախաձեռնությանը»: Հույս կար, որ պաշտոնական Ստեփանակերտը վերջին գիծը կպահեր, բայց նախագահ Արայիկ Հարությունյանը «կրկնում է  Նիկոլ Փաշինյանի սխալները»: Սա մերկապարանոց վերագրում է:

Արցախի նախագահն ասել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցելու, եթե ճանաչվում է ինքնորոշման իրավունքը եւ լուծվում է անվտանգության երաշխիքների հարցը: Ի՞նչ կա այստեղ դժվար հասկանալի, ո՞րն է «վերացրած պաշտպանական գիծը»: Մանավանդ որ նույն ելույթում Արայիկ Հարությունյանը հակադարձել է Իլհամ Ալիեւին՝ բացառելով Արցախի հետ ուժի դիրքերից խոսելու նույնիսկ հավանականությունը:

Ցավալի է, երբ տասը օր առաջ նախագահի պաշտոնն ստանձնած Արայիկ Հարությունյանին նման վերագրումներ են անում: Էլ ավելի ցավալի է, երբ նույն մեկնաբանը մեկ այլ հոդվածում ակնարկում է, որ Արցախի սուբյեկտության հարցը «արդեն պետք է լուծվի Երեւանում»: Այսինքն՝ իշխանափոխությամբ, որը, նրա մատուցմամբ, կփոխի նաեւ ներարցախյան քաղաքական ստատուս-քվոն: Եւ սա մատուցվում  է որպես «մտահոգություն»: Ի՞նչ շրջանակների է սպասարկում voskanapat.info-ն՝ իր խնդիրն է: Պարզապես տարիներ ի վեր նրա հեղինակները մասնագիտացած էին Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմում, ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը շարունակի իր այդ գիծը, ոչ թե պայքարի մեջ մտնի Արցախի իշխանությունների հետ»:

  • Կիսվել: