Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը:
«Ընդհանուր առմամբ, այդքան էլ գոհ չեմ Եվրոպայի այս առաջնությունից: Չարեցի այն, ինչին պատրաստ էի: Մարզումների ժամանակ անհաջողությունները շատ էին ու ես էլ շատ ցավեր ունեի: Բայց այս անգամ լավ է, որ մեդալով եմ վերադարձել Հայաստան»,- մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:
Անդրադառնալով պոկում վարժության ժամանակ ունեցած անհաջող մոտեցմանը` Գրիգորյանը ընդգծեց, որ ոչ բոլոր մրցաշարերում է իր մոտ առաջին վարժությունը միշտ հաջող ստացվում, քանի որ իր ուժեղ կողմը հրում վարժությունն է:
«Ինչ վերաբերվում է օրեր անց մեկնարկող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանն, ապա իմ կարծիքով առավել բարդ է լինելու, քանի որ ընդամենն օրեր առաջ եմ մրցել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում»,-առանձնացրեց նա:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ թիմային հաշվարկի հաղթող, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը: