շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը. ուղիղ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը. ուղիղ

Այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում Երևանի ժամանակով 12․00-ին մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը։

Ինչպես հայտնում է հայտնում է Vaticannews-ը, «աղքատների, խաղաղության, բնապահպանության և մարդկային եղբայրության քահանայապետի» հուղարկավորության արարողությունը, ըստ Ordo Exsequiarum Romani Pontificis ծիսակարգի, կղեկավարի Կարդինալական դասի ավագ՝ Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն՝ 980 համապատարագիչների մասնակցությամբ, որոնց թվում կլինեն կարդինալներ, պատրիարքներ, եպիսկոպոսներ և քահանաներ։

Հրապարակի խորանի մոտ կտեղադրվի «Սալուս Փոփուլի Ռոմանի» Տիրամոր սրբապատկերը՝ Ֆրանցիսկոս Պապի սրտին մոտ խճանկարային Մարիամյան պատկերներից մեկը, որին նա իր քահանայապետության ընթացքում այցելել է 126 անգամ և որի մոտ այսօր, հուղարկավորության ավարտին, կհանգչի նրա աճյունը։

Սուրբ Պատարագի ընթացքում կկարդացվեն դիտավորությունների աղոթքներ վեց լեզվով՝ ֆրանսերեն, արաբերեն, պորտուգալերեն, լեհերեն, գերմաներեն և չինարեն։

Արարողության ընթացքում նախատեսված է նաև աղերսական աղոթք, որը կարտասանեն Հռոմի թեմի անունից՝ Թեմի տեղակալ Արքեպիսկոպոս Կարդինալ Բալդո Ռեինան, ինչպես նաև Արեւելյան Եկեղեցիների պատրիարքները։ Արարողության ավարտին Կարդինալ Ռեն՝ օրհնյալ ջրով և խունկով օրհնելուց հետո դագաղը, այն կտեղափոխվի նախ Սուրբ Պետրոսի տաճար, ապա Սանտա Մարիա Մաջորե տաճար, որտեղ տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ փակ դռների հետևում։

Հուղարկավորությանը սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն, ինչպես նաև Վատիկան են ժամանելու բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ։

Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը:

  • Կիսվել: