Կովկասում միշտ ծանր է խաղալը. Էդուարդ Սպերցյան
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 3:2 հաշվով հաղթանակը Մախաչկալայի «Դինամոյի» նկատմամբ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում։
Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ, նաեւ չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
«Կովկասում միշտ ծանր է խաղալը։ Այստեղ ինքնատիպ մթնոլորտ ու աուրա է։ «Դինամոն» շատ է պայքարում։ Սպասում էինք հենց այսպիսի խաղ եւ հաղթահարեցինք։
Կարեւոր էր իմ գոլը, բայց ավելի կարեւոր կլիներ գրավել մրցակցի դարպասը 11-մետրանոցից, որպեսզի այսքան լարված վերջնամաս չլիներ։
Երջանիկ էի, երբ գոլը խփեցի։ Երբ վրիպեցի 11-մետրանոցից, հոգեբանորեն կայուն վիճակում էի։ Ձգտում էի շտկել սխալս, բայց երբ փոխարինեցին ինձ եւ երկրորդ գոլն ընդունեցինք, արդեն սկսեցի մտածել իմ չիրացրած 11-մետրանոցի մասին»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կրասնոդարը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։