ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հարգանքի տուրք է մատուցվել Արցախի ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու՝ Արտյոմ Ավագյանի հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել Արցախի ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու՝ Արտյոմ Ավագյանի հիշատակին

Հոկտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու՝ Արտյոմ Ավագյանի հիշատակին։
 
Արցախյան 3-րդ պատերազմը մեզնից խլեց հայրենիքի բազում նվիրյալների, քաջազուն ու լավագույն հայորդիների՝ թողնելով հարյուրավոր անավարտ պատմություններ։
 
Հարյուրավոր կիսատ մնացած պատմություններից մեկի հերոսն է Արտյոմ Ավագյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվեց 44-օրյա մղջավանջին։ Արտյոմը պատերազմի թեժ օրերին մասնակցել է Վարանդայում ընթացող դաժան մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ։ Փրկել է բազում վիրավորների, խոցել թշնամու ԱԹՍ-ներ, քաջաբար մարտնչել նենգ ու ոխերիմ թշնամու դեմ ։ 2020թ հոկտեմբերի 3-ին ,սակայն, Արտյոմը ընկավ քաջի մահով և իր կյանքով անմահացավ հանուն հայրենյաց։
 
Շախմատային մրցաշարերում միշտ պատվավոր տեղեր գրաված, ըմբշամարտի մարտարվեստում հաջողություններ և ձեռքբերումներ արձանագրած հայորդին, մասնակցելով դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմին, արժանացել էր «Հայոց բանակի քաջարի մարտիկ»,«Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ» կրծքանշանների, և բազում շնորհակալագրերի հասցեատեր էր։
Հայրենիքին մատուցած անձնվեր ծառայությունների համար Արտյոմ Արեգի Ավագյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
 
Հերոսները չեն մահանում, այլ անմահանում են։ Փառք հայրենիքի համար ընկած բոլոր քաջորդիներին։
 

  • Կիսվել: