շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փարիզի քաղաքապետին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը և Գորիսի ղեկավարը

Փարիզի քաղաքապետին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը և Գորիսի ղեկավարը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից:
 
Ըստ հաղորդագրության՝ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
 
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
 
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
 
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
 
 

  • Կիսվել: