հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականությունը. Արամ Աբրահամյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի շրջանակներում

Եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականությունը. Արամ Աբրահամյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի շրջանակներում

Հրապարակախոս և լրագրող, «Ապագա հայկականը» համաժողովի փորձագիտական հանձնախմբի անդամ Արամ Աբրահամյանը կարծում է, որ հայաստանակենտրոն լինել  նշանակում է՝ Հայաստանի և Արցախի պետականությունների շուրջ համախմբվել:

«Խնդրում եմ ինձ հավատալ. եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականությունը: Դա ինձ համար աքսիոմա է»,- համաժողովի ընթացքում նշեց Արամ Աբրահամյանը

Նա տեղեկացրեց, որ հանձնախմբում քննարկվել է խնդիրների երեք խումբ, որոնց շուրջ քվեարկություն չի կազմակերպվել՝ վերջնական որոշումը թողնելով համաժողովին:

«Առաջին հարցը որ քննարկվել է, հասկանալ՝ ո՞վ է հայը: Անկախ արյան բաղադրությունից, անկախ թե նա զրո տոկոս էթնիկ հայ է կամ հարյուր տոկոս էթնիկ հայ, դա այն մարդն է, որը պատրաստ է մասնակցել հայկական օրակարգերին, որոնք տարբեր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ, ընդհանրապես, որևէ հայկական  օրակարգի համար: Մենք ունենք հարյուր տոկոսանոց հայեր, որոնք ոչ մի բանի չեն մասնակցում, և կան այլազգի մարդիկ, որոնք ոչ մի տոկոսով հայ չեն, բայց մասնակցում են: Ի՞նչ է Հայաստանը: Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունն է: Եվ դա այն է, ինչ ցանկացած հայ համարում է իր հայրենիքը»,- ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով այն հարցին թե ի՞նչ է սփյուռքը, Աբրահամյանը նշեց, որ դա մի կառույց չէ, որը կարող է դառնալ ինչ-որ ներկայացուցչություն, որի հետ Հայաստանը, որպես պետություն, Արցախը որպես պետություն, կարող է շփվել:

«Սփյուռքը կառույցների համակցություն է: Այն խաչը, որ մենք կրում ենք,  իմ սուբյեկտիվ մոտեցմամբ, վկայում է ոչ միայն հավատի, այլև  ինչ-որ մի թիմի անդամ լինելու մասին: Որովհետև հայերի մեծամասնությունը մկրտված են որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակներ»,- ասաց Աբրահամյանը:

Իսկ թե  ի՞նչ է պետք անել հայապահպանության համար, փորձագիտական հանձնախմբի անդամն ասաց.

« Հայաստանում ապրող բոլորիս համար դա պետք է լինի ազգային արժանապատվության  խնդիր, ինչի համար ոչ մեկս  ջանքեր չպիտի խնայենք, Հայաստանի ցանկացած քաղաքացի դա պիտի համարի իր պարտքը: Դա նույնն է, ինչ հայոց բանակ ունենալը, Հայաստանում հարկեր մուծելը, Հայաստանի օրենքներին ենթարկվելը: Պետք է իմանալ այն մարդկանց տեղը, որոնք իրենց հայ են զգում, որոնք կան սփյուռքում և տարբեր մասնագետներ են: Պետք է իմանալ, թե որտեղ է գտնվում այն ճարտարապետը, ֆիզիկոսը, քիմիկոսը, ՏՏ մասնագետը, որը պատրաստ է նպաստել երկրի բարգավաճմանը: Շատ են ասում, որ հայ ժողովրդի միակ փրկությունը միասնականության մեջ է, բայց իրականում՝ հավաքական ուժի մեջ է: Միասնականությունը ենթադրում է միևնույն ձևով մտածել: Մենք պետք է հավաքական ուժ լինենք, տարբեր ձևով մտածող մարդկանց թիմ: Միայն սկզբունքները պետք է միասնաբար մշակվեն»,- ասաց նա:

 Արամ Աբրահամյանը կարևորեց գործը, որը կարող է միավորել:

«Իրավամբ, շատ է խոսվում հայաստանցիների և սփյուռքի մեր հայրենակիցների միջև փոխադարձ անվստահության մասին: Փոխադարձ անվստահությունը հաղթահարվում է գործով: Երբ մենք անում ենք մի գործ, գտնում ենք այն կոնկրետ մարդկանց և կոնկրետ կազմակերպություններին, որոնք կարող են մեկ գործ անել: Եվ այդ համատեղ արվող գործը հաջողության է հասնում, կոտրվում է անվստահությունը: Իսկ միայն խոսելով անվստահությունը չի հաղթահարվում ու վստահություն չի ստեղծվում»,-ասաց  Աբրահամյանը:

  • Կիսվել: