հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այն, նույնիսկ Հայաստանը, ինչն ինձ համար տարօրինակ է. Պուտին

Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այն, նույնիսկ Հայաստանը, ինչն ինձ համար տարօրինակ է. Պուտին

Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչը, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար: Այս մասին այսօր «Վալդայ» ակումբում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։

«Սակայն, այնուամենայնիվ, այդպիսի որոշում է կայացվել։ Նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը»,-նշել է ՌԴ նախագահը:

Խոսելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ՝ նա ասել է, որ այդ մասին տեղեկացել է մամուլից:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանին այդ մասին առանձին չի ծանուցվել։

«Պրահայում նրանք (հայկական կողմը - խմբ․) ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո 2023 թվականի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ Բրյուսելում կայացած նմանատիպ այլ հանդիպման ժամանակ: Ի դեպ՝ մեզ ոչ ոք այս մասին չի ասել: Անձամբ ես այդ մասին իմացել եմ մամուլից»,-նշել է նա:

Պուտինը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանի կողմից ձորբակալվելու մասին:

ՌԴ առաջնորդը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը նրանց հարցում կառաջնորդվի մարդասիրական նկատառումներով:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք ռուսական կողմն Ադրբեջանին կոչ անել գթասրտություն ցուցաբերել ձերբակալվածների, այդ թվում նախկին ղեկավարների նկատմամբ՝ նա նշել է, որ իրենք միշտ էլ կապի մեջ են եղել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և վերջինս խոստացել է անկախ ամեն ինչից ապահովել ԼՂ հայության անվտանգությունը։

«Սակայն Լեռնային Ղարաբաղում արդեն հայ չի մնացել։ Բոլորը գնացել են, հայ չի մնացել․ առավելագույնը հազար կամ հազար հինգ հարյուր մարդ»,- նշել է Պուտինը: 

Անդրադառնալով Բաքվի կողմից ձերբակալված նախկին ղեկավարներին՝ նա հավելել է. «Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն, ինչպես հասկանում եմ, նրանց նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի մարդասիրությամբ»։

  • Կիսվել: