հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Եկեք, այս վերջին օրերին եղեք այդ մարդկանց կողքին»․ Բերձորցիները չեն շտապում լքել իրենց տները

«Եկեք, այս վերջին օրերին եղեք այդ մարդկանց կողքին»․ Բերձորցիները չեն շտապում լքել իրենց տները

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ունեցել է 2000 բնակիչ,  այսօր՝ շուրջ 170 բնակիչ։ Նրանք էլ ստիպված են քաղաքը, իրենց տները լքել մինչև օգոստոսի 25-ը։

 Panorama.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասել է, որ մինչև այս պահը դեռ որևէ մեկը որևէ ուղղությամբ դուրս չի եկել քաղաքից։
 
«Փաստ է, որ դուրս են գալու, իսկ թե որ ուղղությամբ, կողմնորոշման խնդիր է։ Արցախի տարածքում կոնկրետ բնակավայրեր տեսնելու խնդիր կա։ Բնակիչներից մի քանիսի հետ հիմա նայում ենք կոնկրետ բնակավայր, թե ուր կարող են գնալ»,- նշել է քաղաքապետը։
 
Նրա խոսքով, դեռևս որևէ վիճակագրական տվյալ չկա, թե ուր են ուզում գնալ բերձորցիները՝ Հայաստան, թե Արցախ. «Կողմնորոշումներն ամեն վայրկյան փոխվում են»։ 
 
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Բերձորից, Աղավնոյից հեռացողներն այրեն իրենց տները, Ն. Ալեքսանյանն ասել է. «Ովքեր հորդորում են տները այրել, խնդրում եմ այդ մարդիկ գան այստեղ, տեղում այրելու ու չայրելու դրական ու բացասական կողմերը մանրամասնորեն ներկայացնեն»։
 
Նա խնդրեց, հորդորեց այն մարդկանց, ովքեր իրենցից կիլոմետրերով հեռու են գտնվում, ևս մեկ անգամ այստեղ գտնվող մարդկանց հույզերի հետ խաղ են անում, թող գան այստեղ, այս պահին Բերձորի, Աղավնոյի ժողովուրդն իրենց կարիքն ունեն. «Եկեք, այս վերջին օրերին եղեք այդ մարդկանց կողքին, ամեն մեկը թող իր հնարավորությունների սահմաններում օգնի այս մարդկանց»։
 
Նարեկ Ալեքսանյանը նաև Բերձորում, Աղավնոյում չի տեսնում այն մարդկանց, ովքեր ինքնապաշտպանություն կազմակերպելու կոչեր են անում։
 
«Իսկ ո՞ւր են նրանք։  Որևէ մեկը չեկավ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Չեն ասում, անում են»,- ասել է Բերձորի քաղաքապետը։
 
Նրա կարծիքով, եթե նույնիսկ կազմակերպվի ինքնապաշտպանություն, արդյունք չի տա, բայց՝ «փորձը փորձանք չի»։
 
Ն. Ալեքսանյանն ասել է, որ Բերձորի տարածքում գտնվող հուշարձանները պետք է տեղափոխվեն ապահով վայր՝ հաշվի առնելով Շուշիում, Հադրութում վանդալիզմի, պղծման դեպքերը։ 
 
«Շատ են հուշարձանները, հիմնականում խաչքարար։ Արդեն սկսել ենք դրանք ապահով վայրեր տեղափոխելը»,- ասել է Նարեկ Ալեքսանյանը։

  • Կիսվել: