կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեգլարյանը Ադրբեջանում հայ գերիների խնդրի լուծման համար անհրաժեշտ է համարում միջազգային լուրջ ճնշումը

Բեգլարյանը Ադրբեջանում հայ գերիների խնդրի լուծման համար անհրաժեշտ է համարում միջազգային լուրջ ճնշումը

Առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնել: Շատ կարեւոր է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Խոսելով Տավուշում ստեղծված վիճակի եւ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման վտանգի մասին՝ նա ասաց, որ դա կարելի է կանխել միջազգային հարաբերություններով, դիվանագիտության, բանակը հզորացնելով, միջազգային գործընկերների հետ համապատասխան հարաբերություններ վարելով լրացուցիչ երաշխիքներ ստանալ, որ հարձակում չի լինելու:

«Եվ ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնել, եւ արտաքին դիմադրողականությունը: Հասկանալի է, որ եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, ուղղակի դրա համար պետք է պատշաճ հաղորդակցություն վարել գործընկերների հետ ե՛ւ փակ, ե՛ւ բաց ձեւաչափով»,-նշեց Բեգլարյանը:

Նա անդրադարձավ նաեւ Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին եւ ասաց. «Ես ինքս չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունն այն է անում, ինչը ես կպատկերացնեի, որ կանեն: Չեմ կարծում, որ բավական ջանք գործադրվել է, իհարկե, դրա համար բավականին լուրջ միջազգային ճնշում է պետք: Իսկ միջազգային ճնշման համար մենք պետք է ճնշենք՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Մյուս տարբերակը Ադրբեջանի հետ բանակցելն է, քաղաքական առեւտուր անելն է, որը արվեց դեկտեմբերին»:

  • Կիսվել: