ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բանկերը հրաժարվում են ներել ԼՂ-ից տեղահանվածների վարկերը

Բանկերը հրաժարվում են ներել ԼՂ-ից տեղահանվածների վարկերը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղիղ տեղահանվածներին ցուցաբերվող մի քանի տասնյակ միլիարդ դրամ պետական աջակցության մասին՝ նպատակ ունենալով լուծել այդ մարդկանց առջև ծառացած սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները։

Շուտով կլրանա 44-օրյա պատերազմի երրորդ տարին, սակայն, պարզվում է՝ հայաստանյան բանկերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված, տներ, ունեցվածք, եկամուտ կորցրած մարդկանցից շարունակում են պահանջել մարել բնակարանի կառուցման կամ ձեռքբերման համար ստացված վարկերը` բնականաբար, տոկոսագումարով, գրում է «Ամերիկայի ձայնը»։

36-ամյա Կոլյա Շահգելդյանը Լեռնային Ղարաբաղից, Քարվաճառ բնակավայրից է։ 44-օրյա պատերազմից հետո նա հարկադրված թողել է կառուցվող տունը։ Աշնանը 3 տարի կլինի, ինչ վարձով բնակվում է Արտաշատում։

«Մոտեցա «ՎՏԲ» բանկ, ձեռագիր դիմումը գրեցի բացատրեցի, որ ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ այլ եկամուտ ունեմ, խնդրում եմ՝ միջնորդեք կամ դադարեցրեք մի որոշ ժամանակով՝ մինչև հասկանանք ոնց ա կատարվում, կամ մի բան արեք՝ էդ վարկի հետ կապված, որովհետև էդ վարկը ես վերցրել եմ տուն կառուցելու պատճառով և տունս կորցրել եմ։ Ես հիմա հնարավորություն չունեմ էդ վարկը մարելու։ Ինձ պատասխանեցին, որ դա հնարավոր բան չի»,- ասել է նա։

3․1 միլիոն դրամ կազմող վարկը վերցրել է ՎՏԲ-Հայաստան բանկից։ Շահգելդյանը պատմել է, որ սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո միայն Արցախի ներդրումային հիմնադրամը մարել է իր վարկը, թեև պարտավոր էր այդ անել։ Սակայն ոչ ամբողջն է մարել։

«Երկու հարյուր քանի հազար դրամ ես իմ գրպանից եմ հանել-մարել»,-ասել է նա։

Սա ակայն եթե Արցախի ներդրումային հիմնադրամը մարել է Կոլյա Շահգելդյանը վարկը, սակայն ցայսօր հրաժարվում է նույնը անել եղբոր պարագայում։ Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստանը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել Կարեն Շահգելդյանի ունեցվածքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի փոխանցմամբ, «սև ցուցակում» հայտնված մարդկանց հարցը ներկայում կառավարության ուշադրության կենտրոնում է և մշակվում են աջակցության մեխանիզմներ։ Օրինակ, կառավարությունում մտածում են աշխատանքով ապահովել այդպիսի վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան մարել իրենց վարկը։

Նախարարության տվյալներով, 44-օրյա պատերազմից հետո՝ նախորդ երկու տարիներին, Հայաստանի կառավարությունը 140 միլիարդ դրամի (360 միլիոն դոլար) աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։

Ադրբեջանի հետ նախորդ պատերազմի հետևանքով ներկայում Հայաստանում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների թիվը, ըստ կառավարության, մոտ 20 հազար է։ Շուտով կլրանա պատերազմի ավարտի երրորդ տարին, սակայն հազարավոր քաղաքացիներ, ում գրպանում Հայաստանի անձնագիրն է, շարունակում են բախվել հիմնարար խնդիրների՝ տան ձռեքբերման, աշխատանքի, առողջապահական կամ կրթական։

  • Կիսվել: