շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակում կատարում է բոլոր աշխատանքները իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ

ԱՀ Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակում կատարում է բոլոր աշխատանքները իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն  ստեղծված իրավիճակում կատարում է բոլոր աշխատանքները իր լիազորությունների շրջանակում:

 Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում հավաստիացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հարությունյանը և Դավիթ Գալստյանը:

«Մենք նաև աշխատում ենք մեր գործընկերների, բարեկամական շրջանակների  ու խմբերի գործընկերների հետ՝ Արևմուտքում, Եվրոպայում, Ռուսաստանում: Մենք փորձում ենք ներկայացնել իրական վիճակը և Ֆրանսիայի, Իսպանիայի, Նիդերլանդների սենատների կողմից ընդունված հայտարարությունները բանաձևերը արդյունքն են հենց այդ աշխատանքի, որպեսզի փորձենք միջազգային ճնշումն ավելացնել»,-ասել է  խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը :

ԱԺ  Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հավաստմամբ՝ այսօր Ազգային ժողովն իր հայտարարություններով, իր ունեցած բոլոր լծակներով անում է այն, ինչ պետք է անի յուրաքանչյուր երկրի ազգային խորհրդարան:

Ըստ խորհրդարանականների՝  շրջափակման այս օրերի ընթացքում յուրաքանչյուրը փորձում է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար անել իրենից կախվածը:  Նրանց գնահատմամբ՝ միշտ չէ, որ նման քայլերը դրական ազդեցություն են ունենում և  հատկապես ստեղծված այս իրավիճակում յուրաքանչյուր գործողություն պետք է համակարգված լինի:

«Ոչ թե ամեն մեկն իր հերթին փորձի գործողություններ իրականացնել , որոնք կարող են վնասել հետագա գործընթացներին, այլ պետք է հասկանանք, որ մենք այս ամենը պետք է իրականացնենք համակարգված»,-ասել է Արթուր Հարությունյանը:

Խորհրդարանականները նշել են, որ քաջ ծանոթ են տեղի ունեցող բոլոր գործընթացներին և որոշել են չտրվել սադրանքներին:
«Մենք՝ արցախցիներով,   Արցախի իշխանությունները քաղաքական ուժերի հետ մեկտեղ, որոշում ենք կայացրել,  որ չպետք է տրվել Ադրբեջանի այդ սադրիչ գործողություններին և չպետք է յուրաքանչյուր նման պատրվակով  հերթական պահանջներն  առանց որևէ խոչընդոտի բավարարվեն», -Դ. Գալստյան:

ԱԺ պատգամավորներն ընդգծել  են, որ Արցախում մի շարք բնապահպանական խնդիրներ առաջացրած Ադրբեջանը Արցախի տնտեսական ու բնապահպանական կյանքին որևէ փաստաթղթով միջամտելու իրավունք չունի:

«Որևէ փաստաթղթում՝  նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ եռակողմ փաստաթղթերում, չկա որևէ տեղ նշված, որ  Ադրբեջանը կարող է խառնվել Արցախի Հանրապետության տնտեսական որևէ գործունեության: Մենք պնդում ենք որ այդ չակերտավոր «պահանջները»  չեն համապատասխանում այդ փաստաթղթերում նշված դրույթներին»,-նշել է Ա. Հարությունյանը:

Պատգամավորները  տեղեկացրել են, որ դեկտեմբերի 28-ին օրենսդիր իշխանության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ՝ մանրամասնելով, որ նա ևս ընդունում է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 2020 թվականի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և վստահեցրել է՝  ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Պատգամավոր Դավիթ Գալստյանի կարծիքով՝  խնդրի լուծման գործում անելիք ունի նաև Հայստանի Հանրապետությունը որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ:

«Եթե խոսենք միակողմանի, որ սա միայն ու միայն ռուս խաղաղապահների խնդիրն է՝ այդքան էլ այդպես չէ: Կուզենայի շեշտադրում կատարենք եռակողմ փաստաթղթի վրա, որտեղ Արցախը կողմ չի հանդիսանում. կողմեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ՌԴ-ն և Ադրբեջանը:  Իմ կարծիքով պետք է օրակարգ մտցնի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը կամ խոսի այն տոնով, որ եթե 120 հազար իմ ժողովրդին բլոկադայի մեջ պահելու հարցն  օր առաջ  չհանգուցալուծվի, ապա ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը և դիմենք միջազգային կազմակերպություններին, որ ապաշրջափակեն»,- հավելելէ է պատգամավորը:

Խորհրդարանականները համոզմունք են հայտնել, որ միասնական և համախմբված գործելու դեպքում աշխատանքի արդյունքներն ավելի ակնառու կլինեն: Ըստ նրանց՝ վերջին երկու ամսվա ընթացքում Ստեփանակերտում կայացած երկու համաժողովրդական հանրահավաքները կենսական հարցերում արցախցիների միասնականությունն են հաստատում:

  • Կիսվել: