հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսուհետ Արցախում գործելու է միայն մեկ նոտարական տարածք. Նաեւ նոտար կգործուղվի Հայաստան

Այսուհետ Արցախում գործելու է միայն մեկ նոտարական տարածք. Նաեւ նոտար կգործուղվի Հայաստան

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը  Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:

Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,-  ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար  Ժիրայր Միրզոյանը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն   կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

  • Կիսվել: