ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում շարունակական շրջափակմամբ պայմանավորված` խնդիրներն ավելի են խորանում. նախարար

Արցախում շարունակական շրջափակմամբ պայմանավորված` խնդիրներն ավելի են խորանում. նախարար

Շարունակական շրջափակմամբ պայմանավորված` խնդիրներն էլ ավելի են խորանում, և դրանք չեզոքացնելու համար, կարծում եմ, այս պահին ռեսուրսների խիստ կարիք է զգացվում։

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
 
«Սկսած շրջափակման առաջին իսկ ամսվանից` Կառավարությունը ձեռնամուխ է եղել շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ տարբեր միջոցառումների իրականացման, և այդ միջոցառումներից հինգի պատասխանատու է հանդիսանում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
 
 Այդ միջոցառումները հիմնականում ուղղված են աշխատանքից զրկված անձանց ֆինանսապես աջակցելուն, հինգերորդ միջոցառման նպատակն էլ սոցիալական որոշ խմբերի(անձանց և ընտանիքներին) սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի վճարների հատուցումն էր։ Երկրորդ և հինգերորդ ծրագրերը հիմնականում ավարտվել են, մյուս ծրագրերի գրեթե կեսից ավելին արդեն իրականացվել է կամ այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»,-նշել է նախարարը։
 
Անդրադառնալով շրջափակման հետևանքներն ամբողջությամբ մեղմելուն կամ չեզոքացնելուն՝ Վ. Առաքելյանն ասել է, որ դա հնարավոր չէ, սակայն նշված միջոցառումների շնորհիվ քաղաքացիները ստացել են ֆինանսական որոշակի աջակցություն, որն ուղղել են իրենց առաջնային խնդիրների լուծմանը։
 
Նա ընդգծել է, որ սոցիալական որոշ խմբերի սննդամթերքի տեսքով աջակցության տրամադրումը շարունակական կլինի՝ կախված շրջափակման տևողությունից ու ռեսուրսներից։
 
«Այս պահի դրությամբ շաքարավազի և ձեթի տեսքով աջակցություն է ցուցաբերվում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ապրանքատեսակների ցանկն ավելի մեծ լիներ, քանի որ երեխաները թերսնման, ոչ լիարժեք սննդակարգի պատճառով տարբեր հիվանդությունների և խնդիրների առաջ են կանգնում, բայց ամեն ինչ կախված կլինի իրավիճակից»,-ընդհանրացրել է Վ. Առաքելյանը։

  • Կիսվել: