չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ նախագահը տեղեկացված չի եղել իր խորհրդական, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին

ԱՀ նախագահը տեղեկացված չի եղել իր խորհրդական, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացված չի եղել իր գլխավոր խորհրդական, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Հարությունյանը։

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»-նշել է Լ. Ավանեսյանը:

Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, Միքայել Արզումանյանին արդեն մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։

  • Կիսվել: