շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե Միքայել Արզումանյանը ՀՀ քաղաքացի չի, ինչո՞ւ եք բերել, այստեղ դատում. Լևոն Հայրյան

Եթե Միքայել Արզումանյանը ՀՀ քաղաքացի չի, ինչո՞ւ եք բերել, այստեղ դատում. Լևոն Հայրյան

Մենք արդեն երեք տարի այստեղ ենք եւ Հայաստանի մեծ ու փոքր  տրամաչափի բոլոր ղեկավարների հետ հանդիպել ենք, բոլոր մտադրությունը եղել է հարցերը լղոզելը: Այս մասին, այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

«Մենք ունենք ապրելու իրավունք, որի համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն: ՀՀ իշխանությունները չեն ուզում համակարգված մոտեցում ցուցաբերել մեր  հարցերին: Մենք ասել ենք, որ Հայաստանում մնալու համար պարտավոր են մեզ բնակարանով ապահովել եւ փորձում էինք համոզել, որ համայնք կառուցել, որպեսզի մեր լեզուն, մեր խոսքը չկորչի: Ձգձգում են: Իրենք պետք է պարտավորություն վերցնեն, որ այս համայնքին, որ իրենց մեղքով տեղահանվել, հասել է այստեղ, պետք է տիրություն անեն:

Տեսեք, մեզ հետ ինչպես են խոսում: Բանը հասել է նրան, որ ՀՀ կառավարության անդամը կամ ղեկավարը կարող է հայտարարել, որ Արցախը Հայաստան չէ»,-ասաց նա:

«Հայաստանի կառավարությունը պարտավոր է մեր կորցրած բնակարանները փոխհատուցել. ինչու, որովհետև մենք Հայաստանի քաղաքացի ենք, Հայաստանի կառավարությունն էլ իր բնակչի ունեցվածքի երաշխավորն է:

Հայաստանի կառավարությունը որոշել է հայտարարել՝ արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն, որպեսզի բնակարաններով չապահովեն։ Բայց երեք տարի է ամեն օր ասել եմ՝ մեզ փախստականի կարգավիճակ տվեք,  ասել ենք՝ չենք տալիս, դուք Հայաստանի քաղաքացի եք։ Հիմա եկել է պահը, որ պետք է մտածեն բնակարաններով ապահովելու մասին, ուզում են ջնջել  մեր իրավունքները, ասում են՝ քաղաքացի չեք։ Ժողովուրդ, ենթադրենք քաղաքացի չենք, ասում են՝  արցախցին Հայաստանի քաղաքացի չէ։ Համաձայն եմ, բայց այսօր բոլորդ գիտեք, որ Միքայել Արզումանյանը կամ այլ սպաներ այստեղ  դատվում են, քննվում են։ Եթե իրենք Հայաստանի քաղաքացի չեն, ինչո՞ւ եք բերել նրանց այստեղ, դատում։ Եթե Ղարաբաղը  Հայաստան չէ, դու էլ այնտեղից քաղաքացի ես բերել ու դատում ես, միջազգային օրենքներն էլ ես խախտում:

Այսօր էլ ասում է՝ Արցախը պաշտպանած զինվորականի թոշակը չեմ տալիս։ Այսօր գոնե հասկանալի՞ է, որ արցախցին այնտեղ 30 տարի Հայաստանի սահմանն է պահել։ Կանգնես, Հայաստանի սահմանը պահողին ասես՝ Հայաստանի քաղաքացի չե՞ս։ Սա ի՞նչ լկտիություն է»,- ասաց Լևոն Հայրյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիների թոշակներն ու նպաստները վերջին ամիսներին չեն վճարվել։ Մի  խումբ արցախցիներ բողոքի ակցիա կանեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց թոշակները։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն եւ ստանալ թոշակ եւ այլ վճարներ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

  • Կիսվել: