հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահի խոսնակը չի կիսում ապոկալիպտիկ վերլուծությունները Զոհրաբյան-Մամեդյարով հանդիպումից

Արցախի նախագահի խոսնակը չի կիսում ապոկալիպտիկ վերլուծությունները Զոհրաբյան-Մամեդյարով հանդիպումից

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը մենք դիտարկում ենք խաղաղ բանակցային գործընթացների շարունակականության ապահովման շրջանակում, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը:

Նրա խոսքով, Արցախի համար այս փուլում ողջունելի է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացը և դրան ուղղվող ջանքերը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ և Ադրբեջանում, և Արցախում առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ:

«Սա շատ կարևոր է, որովհետև ակնկալել ինչ-որ փոփոխություն, ինչ-որ կարգավորում շատ վաղ է: Դրա համար չկան համապատասխան նախադրյալներ: Այդ իսկ պատճառով այս պահին կարևոր է բանակցային խաղաղ գործընթացի պահպանումը և շարունակականությունը», -ասաց Բաբայանը:

Նա նորմալ է համարում այն, որ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները շարունակվեցին երկու օր, քանի որ բարդ է կարգավորման գործընթացը:

«Այս անգամ առանձնապես նորություն չկար: Հանդիպումից հետո տարածված հայտարարությունից զգալի էր, որ գործընթացը շարունակվում է, ժողովուրդներին խաղաղության պետք է նախապատրաստել և այլն: Այդ բաղադրիչները բոլորն էլ կարևոր են և պարունակում են էվոլյուցիոն կարգավորման տարբերակը: Այսինքն՝ չկա պարտադրանք, չի կարող լինել պարտադրանք ու գաղտնի պայմանավորվածություններ», -հավելեց արցախցի գործիչը:

Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակությանը և մասնավորապես փորձագիտական շրջանակներում տարածվող այն տեսակետին, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման հարցը, ապա Բաբայանի խոսքով, ցանկացած հարց կարող է քննարկվել, բայց դա չի նշանակում, որ այն ընդունելի է:

«Մենք չունենք տարածքների հարց: Այո, կա սահմանների հստակեցման խնդիրը, բայց դա այլ բան է: Այսինքն՝ վերադարձ անցյալին և փորձեր կատարել ինչ-որ տեղ կարգավորել հետևանքները և ոչ թե պատճառները, ապա դա պարզապես անհեռատես մոտեցում է», հավելեց Դավիթ Բաբայանը:

Նկատենք, որ ավելի ուշ ԱԳՆ խոսնակը հերքել էր բանակցություններում այդ հարցի քննարկման մասին տեղեկությունը: Հիշեցնենք, որ հունվարի 29-30-ին Ժնևում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: