ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը․ Բաբայան

Ռուս խաղաղապահները միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը․ Բաբայան

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու, ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Պաշտոնյան վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է. «Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջին՝ երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք»:

Պաշտոնական Երևանից հրապարակայնորեն հայտարարում են՝ Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, և ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Պաշտոնական Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել:

«Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը:

Փաշինյանը այսօր նաև հայտարարեց, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան: Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը:

Պաշտոնական Ստեփանակերտից հայտարարում են՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»:

Հայաստանի վարչապետը կառավարության նիստին այսօր անդրադառնալով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին, հայտարարեց որ հայկական կողմը դիվանագիտական արձագանքում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։

Արցախի արտաքին գործերի նախարարն հայտարարում է՝ պաշտոնական Ստեփանակերտի համար կարմիր գիծ է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Սա կարմիր գիծ է, որը մենք երբեք չենք խախտի անկախ ամեն ինչից՝ ինչ է ուզում անել Ադրբեջանը, ինչ խոստումներ է տալու, իհարկե, այդ խոստումները լինելու են ոչ իրատեսական, նրանք չեն կատարելու իրենց խոստումները: Մեզ համար Ադրբեջանում որևէ հնարավորություն գեյատևելու չկա. կա՛մ վերածվելու ենք համակենտրոնացման ճամբարի, կա՛մ պարզապես լինելու է ցեղասպանություն և հայաթափում», - ընդգծեց Բաբայանը:

Արցախայության համար անընդունելի է որևէ քննարկում՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը կարող է ենթադրի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, շեշտում է, Բաբայանը. «Սա օրակարգում է: Մեր արտաքին քաղաքական օրակարգը մնացել է գրեթե անփոփոխ, ավելացել է ևս մեկ տարր՝ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, բայց մնացածը՝ միջազգային ճանաչումը, ինքնիշխանության պահպանումը, տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այլն, սրանք մնացել են օրակարգում»:

  • Կիսվել: