չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արցախի 36 հէկերից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ էլեկտրաէներգիայի առումով խնդիրներ կան․ Գաբրիելյան

Արցախի 36 հէկերից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ էլեկտրաէներգիայի առումով խնդիրներ կան․ Գաբրիելյան

Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմը եւ դրա հետեւանքով առաջացած տարածքային կորուստները ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացրել, այլեւ ենթակառուցվածքների մեծ վնասներ հասցրել։ Հիդրոէլեկտրակայաններով (հէկ) հարուստ Արցախն այսօր էլեկտրաէներգիայի խնդրի առաջ է կանգնել։

Արցախում առաջացած էներգետիկ խնդիրների շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լեւոն Գաբրիելյանի հետ։

- Պարո՛ն Գաբրիելյան, պատերազմի հետեւանքով Արցախի կորցրած տարածքներում էլեկտրաէներգիայի աղբյուր հէկեր են եղել։ Քանի՞ հէկ է անցել հակառակորդի տիրապետության տակ։

- Մինչ պատերազմը Արցախում կար գործող 36 հէկ, տարածքների կորուստների հետեւանքով մնացել է գործող 6 հէկ, որից մեկը Սարսանգի հէկն է՝ 50 ՄՎտ հզորությամբ եւ կա 5 հատ փոքր հէկ, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը միասին 25 ՄՎտ-ի չափով է։ Բայց այս պահին դրանք ամբողջ ներուժով չեն աշխատում, քանի որ սակավաջրության խնդիր կա։ Գումարային մոտ 5.5 ՄՎտ հզորությամբ են այդ 5 հէկերը աշխատում։ Այսինքն՝ 30 հէկ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

- Ի՞նչ խնդիրներ է առաջացրել էներգետիկ բլոկի համար այդ հէկերի կորուստը։

- Մինչ պատերազմը Արցախի գործող հէկերը կարողանում էին ամբողջությամբ ապահովել Արցախի էլեկտրաէներգիան եւ ավելացած մասն էլ արտահանվում էր Հայաստան փոխհոսքերի միջոցով։ Հիմա, քանի որ այդ հէկերը չկան, տեղական սպառման համար նույնպես լուրջ խնդիր կա։ Բացի հէկերից՝ այդ բարձրավոլտ ցանցերը անցնում էին Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններով։

- Նշեցիք, որ Հայաստանին եւս որոշ չափով էլեկտրաէներգիա է մատակարարվել: Խոսքը բնակիչների՞ն մատակարարվող էլեկտրաէներգիայի մասին է։

- Ավելացած էլեկտրաէներգիան օդային գծով գալիս է Հայաստան, որտեղից էլ կարող է արտահանվել այլ երկիր, քանի որ Հայաստանը եւս ինքնաբավ է այդ առումով։

- Ըստ ձեզ՝ Արցախում հետագայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիր կառաջանա՞։

- Սակագների հետ կապված չեմ կարող պատասխանել, քանի որ դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է իրականացնում։ Փաստացի էլեկտրաէներգիայի ցերեկային գինը 49 դրամ է եղել, գիշերայինը՝ 44, բայց մինչ պատերազմը այն սուբսիդավորվել է, եւ բնակիչ-բաժանորդները 1 կՎտ-ի դիմաց վճարել են 25 դրամ։ Հիմա կան սահմանաչափեր, որն անվճար է: Այդ սահմանաչափն անցնելուց հետո դարձյալ 25 դրամ կվճարեն։

- Արցախում էլեկտրաէներգիայի խնդիրը կարգավորելու այլընտրանքային տարբերակներ կա՞ն։

- Հիմա գլխավոր խնդիրը ցանցի վերականգնումն է, օրինակ՝ Մարտունու շրջանում դեռեւս ամբողջությամբ վերականգնված չէ։ Պատճառն այն է, որ Շուշիի ենթակայանից էր Մարտունու շրջան իջնում էլեկտրաէներգիան, բայց այդ ենթակայանը հիմա ամբողջությամբ ավերված է։ Հիմա Հայաստանից եկող նոր ցանց է վերանորոգվում, որ մինչեւ Ստեփանակերտ ամբողջ ցանցը սկսի աշխատել, մի հատված է մնացել, գրեթե ավարտվում է։ Դա, որ միացավ, արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կստանանք, եւ այս հէկերի ծանրաբեռնվածությունը կիջնի, քանի որ ենթակայաններն այս պահին գերծանրաբեռնված են աշխատում։

- Նշեցիք 30 հէկի կորստի մասին: Տվյալներ ունե՞ք, թե քանի քաղաքացի է այդտեղ աշխատել եւ հիմա դրա հետևանքով կորցրել աշխատանքը։

- Այդ առումով այս պահին տվյալներ չունենք, բայց կարող եմ ասել, որ հարյուրավոր աշխատատեղերի մասին է խոսքը։

- Այն հէկերը, որոնք անցել են հակառակորդին, շահագործման ենթակա՞ են։

- Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ դրանք մեծ մասամբ ապամոնտաժվել են։ Հէկեր կան՝ գուցե եւ նորմալ մնացած լինեն։

- Հէկերն ամբողջությամբ մասնավո՞ր ներդրողների են պատկանում, թե՞ պետական մասնաբաժին եւս կա։

- Ամբողջությամբ մասնավոր են։

- Ձեր նախարարությունը խնդիրների կարգավորման համար ներդրողի հետ բանակցություններ վարե՞լ է՝ հաշվի առնելով, որ ֆինանսական մեծ կորուստներ են կրել։

- Ցանկացած ներդրողի, որը 100 մլն դրամ եւ ավելի ներդրում էր իրականացնում, շահութահարկից ազատվում էր 5 տարի՝ որպես արտոնություն: Առաջին 3 տարին՝ ամբողջությամբ, վերջին 2 տարին՝ 50 տոկոսի չափով։ ՀԾԿՀ-ն լիցենզիա էր տվել, Ջրային կոմիտեն ջրով ապահովելու պայմանագիր ուներ։ Սակայն այս պահին չեմ կարող ասել՝ ներդրողները փոխհատուցում կստանան, թե ոչ։

- Այս պահին Արցախի քանի՞ տոկոսն էլեկտրաէներգիա ունի։

- Թվերը փոփոխական են։ Կարող եմ շրջաններով ասել, քանի որ նոր բաժանորդների քանակը եւս ամբողջությամբ հաշվառված չէ։ Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանի շրջանում լույս կա, Մարտունու շրջանի շատ քիչ գյուղերում կա, քանի որ ենթակայանները եւ ցանցը շատ են վնասված, եւ օդային խնդիրների հարց կա։ Գլխավոր խնդիրը հենց Մարտունիում է։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

  • Կիսվել: