Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարից հաղթանակով են վերադարձել
Նոյեմբերի 19-22-ը քաղաք Երևանում անց է կացվել «Մուայթայ» մարզաձի միջազգային մրցաշար, որին մասնակցում էինՌուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:Հայաստանի Հանրապետության թիմը ներկայացնում էին Արցախի 42 սաներ ու 3 մարզիչ:
Մարզիկներից շատերն Արցախ են վերադարձել հաղթանակով:
«16 մարզիկ գրավել է մրցանակային 1-ին տեղ, 11-ը՝ 2-րդ, իսկ 6-ը՝ 3-րդ տեղ: Արցախի հավաքականի անդամներ Լևոն Ծատրյանը և Արման Գալստյանը իրենց հետ բերել են 2 չեմպիոնական գոտի։ Նրանք իրենց մենամարտերն ավարտեցին ժամանակից շուտ` Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մարզիկների հետ, և արժանացան չեմպիոնական գոտիների»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի «Մուայթայ»-ի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մազիչ Ալեքսան Աղաբալյանը:

Արցախի MMA(Մարտեր առանց կանոնների) ֆեդերացիայի նախագահ, MMA հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանի խոսքով՝ MMA հավաքականի մարզիկներն Արցախում և Հայաստանում մասնակցում են նաև «Մուայթայ» մարզաձևի միջազգային մրցաշարերին:
«Մինչ պատերազմը այս մարզաձևը շատ զարգացած էր Արցախում, գրեթե բոլոր շրջաններում ունեինք MMA և «Մուայթայ» մարզաձևով զբաղվողներ: Հետպատերազմյան շրջանում շատ խմբեր փակվել են, և հիմնականում գործում ենք Ստեփանակերտ քաղաքում:
Բայց նպատակ ունենք ընդլայնել մեր գործունեությունը նաև շրջաններում: Ունենք մարզիչների և մարզադահլիճների պակաս: Հովանավորների և բարի մարդկանց շնորհիվ փորձում ենք ստեղծել պարապմունքների համար լավ պայմաններ, որպեսզի մեր մարզիկները կարողանան մարզվել, առաջ գնալ և մասնակցել Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին»,- ընդգծել է Գ. Աղաբալյանը: