հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջին անգամ Արցախում կիրառվել է «սփոյլեր»- ների՝ «կեղծ թեկնածուների» տարբերակը, որոնք ձայներ խլելու նպատակով են. Աշոտ Ղուլյան

Առաջին անգամ Արցախում կիրառվել է «սփոյլեր»- ների՝ «կեղծ թեկնածուների» տարբերակը, որոնք ձայներ խլելու նպատակով են. Աշոտ Ղուլյան

Արցախում ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Ընտրությունների առաջին փուլի, խորհրդարանական ընտրությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի խորհրդարանի նախագահ, Արցախի նախագահի նախկին թեկնածու Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարոն Ղուլյան, Արցախի ԿԸՀ-ն ամփոփել է համապետական ընտրությունների արդյունքները, ինչպիսի՞ն կգնահատեք դրանք Ձեզ և Ձեր ղեկավարած՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության համար, ինչքանո՞վ են արդարացվել Ձեր սպասելիքները։

-Մեր սպասելիքներն, իհարկե, ավելի մեծ էին և դրանք ձևավորվել էին ոչ թե մեր անձնական դիտարկումների կամ ցանկությունների հիման վրա, այլ մեր հանրության մոտ նախորդ տարիներին կուտակված ու վերջին ամիսներին հրապարակավ արտահայտվող հիմնախնդիրների և դրանց լուծման համար պահանջվող առաջնահերթությունների հաշվառմամբ: Մեր նախընտրական ծրագիրը կազմվել է հենց այդ իրողությունները հիմք ընդունելով և մեր կուսակցական գաղափարախոսության դիրքից դրանք ներկայացնելու տարբերակով:

Եթե այսօր դրված լիներ ծրագիր կազմելու խնդիրը՝ կշարժվեինք նույն ճանապարհով: Եթե դատենք ընտրությունների թվային ցուցանիշներով, ապա փաստացի ստացվում է, որ քաղաքական այն ուժերը, որոնք կարողացել են ականջահաճո թեզեր առաջարկել և, գուցե նույնիսկ դրանք համեմել այսրոպեական նյութական շահով, հաջողել են մրցակցությունը: Այլ բան է, որ այդպիսի «նվերներ» ընդունելուց հետո պետք է մոռանալ գաղափարական պահանջների մասին. կյանքը ցույց է տալիս, որ դրանք անհամատեղելի են:

Մենք պատահական չենք ընտրել «Ընտրիր քո տեսակին» կարգախոսը, որի առաջին հիշեցումն այն է, թե ընտրություն անելիս մի մոռացիր ինչից էիր անընդհատ բողոքում, որ եթե իշխանության մեջ քեզ ներկայացնողը քեզ նման մեկը լիներ, հիմա այլ կերպ կլիներ: Սակայն պարզվեց, որ խոսելուց մարդն իդեալական մտքերով, իսկ արարքների մեջ բոլորովին այլ շահերով է առաջնորդվում:

Այս ամենով հանդերձ՝ այսպիսինն է մեր ժողովրդի այսօրվա ընտրությունը, և այդ իրողությունը հաշվի չառնել չես կարող: Այլ բան է, որ պետք է ամենօրյա աշխատանք տանել ընտրողների հետ՝ համախոհների ավելի մեծ թիմ հավաքելու նպատակով: Որ այդպիսի գաղափարախոսության կարիք կա, այլ կարծիք չի կարող լինել, պարզապես այսօր մեր առաջարկած գաղափարները խորհրդարանում ներկայացված են լինելու երկու պատգամավորական մանդատով:

-Խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր առաջադրել էին նախագահի իրենց թեկնածուներին և հանդես էին գալիս նույն ծրագրով, սակայն զգալիորեն տարբերվում են նախագահի թեկնածուների և նրանց առաջադրած քաղաքական ուժերի ստացած քվեները, օրինակ որ կա թեկնածու, ում գլխաբորած ուժը խորհրդարանում չէ, բայց երկորդ ձայներ հավաքած նբախագահի թեկնածուն է: Նույն պատկերը նաև Ձեր և Ձեր կուսակցության արձանագրած արդյունքներից է երևում։ Ինչո՞վ է պայմանավորված հանրության նման մոտեցումը։

-Համաժամանակյա ընտրությունները որոշակի ռիսկեր են պարունակում, և մենք այս դեպքում չէինք կարող բացառություն լինել: Նախագահական ընտրություններում ի սկզբանե պարզ էր, որ մենք կամ պետք դառնայինք քաղաքական դաշտի նոր՝ տվյալ դեպքում երրորդ բևեռ, կամ էլ մյուս երկու բևեռները փորձելու էին ամեն գնով իրենց տոկոսներն ավելացնել մեր ձայների հաշվին: Թեկուզ ոչ մեր նախաձեռնությամբ, սակայն առանձին բևեռ ձևավորելու որոշ փորձեր եղել են, բայց դրանք կոնկրետ արդյունք չեն տվել: Այս պարագայում մնում էր ինքնուրույն թեկնածուի կարգավիճակով շարունակել պայքարը:

Նախընտրական քարոզչության կեսերին արդեն պարզ էր, որ նշված երկու բևեռները աջից ու ձախից փախցնում են մեր ձայները, բայց այլ լուծում, քան կուսակցության համամասնական ցուցակի վրա կենտրոնանալը, մենք չգտանք, ինչի արդյունքում ստացանք այդ տարբերությունը: Բնական է, որ ռեսուրսների խնդիր կար, միանգամից երկու ճակատով ձայների հավաքագրումը շատ բարդ էր, իսկ կուսակցության համար աշխատանքին անդամագրված էր մի մեծ ու եռանդուն թիմ, որն ավելի մոտիվացված էր: Ինձ համար շատ կարևոր էր, թե 2020թ. ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական մեր նոր թիմն ինչպիսի ընդունելություն կգտնի մեր հանրության կողմից և քաղաքական շրջանակներում և, այս առումով, հպարտությամբ պետք է նշեմ, որ դատելով արձագանքներից՝ Ժողովրդավարների նոր սերունդը համատարած համակրանքի է արժանացել ու իրականացրել է լավագույն թիմային քարոզչական արշավը:

-Այսինքն, ճի՞շտ եմ հասկանում, որ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների մեծամասնությունը ի սկզբանե «ձայներ փախցնելու» նպատակ էր հետապնդում, թե՞ այնուամենայնիվ նման մրցակցությամբ փորձ էր արվում բացարձակ ժողովրդավարության իմիտացիա ստեղծել։

-Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն աներկբա ցույց է տալիս, որ 2020թ. համապետական ընտրություններում վերլուծելու շատ նյութ կա: Առաջադրման փուլում գրանցված աննախադեպ ցուցանիշը՝ 14 թեկնածու, կարելի է ընդունել որպես ազատ և մրցակցային ընտրությունների կարևոր նախապայման, բայց մինչև քարոզարշավի վերջ 14 թեկնածուների մնալը այլ սցենարների մասին էլ է վկայում: Հիմա արդեն կարելի է դրա մասին խոսել, որ առաջին անգամ Արցախում և այն էլ մի քանի կողմից կիրառվել է «սփոյլեր» - ների տարբերակը՝ «կեղծ թեկնածուների», որոնք խաղի մեջ են մտցվում այլ թեկնածուներից ձայներ խլելու նպատակով: Իհարկե, դա չի կարելի տարածել բոլոր թեկնածուների վրա, բայց դժվար չէ այդպիսի թեկնածուներին առանձնացնելը. բավական է նայել ընտրությունների արդյունքներին:

-Պարոն Ղուլյան, մի քանի օրից կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Ձեր քաղաքական թիմը որևէ նախընտրություն ունի՞, ո՞ւմ օգտին է լինելու կուսակցության համակարանքը: Երկրորդ փուլ անցած թեկնածուները բավականին տարբեր քաղաքական կուրս են որդեգրել, որի՞ ծրագրերն ու տեսլականն եք իրատեսական համարում Արցախի համար։

-Մեզ համար երկրորդ փուլում կողմնորոշվելու հարցը արդիական չի եղել, քանի որ մենք ընտրություններին մասնակցելու ամբողջական հայտ ենք ներկայացրել՝ առաջադրելով և՛ նախագահի թեկնածու, և՛ կուսակցության համամասնական ցուցակ և պարզ է, որ մեր նպատակն այս ընտրություններում հաղթելն ու հաջողության հասնելն էր:

Հիմա, երբ արդեն ընտրությունների երկրորդ փուլի օրը նշանակված է, պարզ է, որ գլխավոր հարցը մասնակցության թեման է: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա և մասնագիտական տեսանկյունից մենք ընտրությունները հետաձգելու առաջարկ չունենանք, պետք է մասնակցենք ընտրություններին՝ նպաստելով մեր երկրում իշխանության լիարժեք ձևավորմանը: Ու՞մ օգտին կլինի մեր կուսակցության համակրանքը՝ մեծ հաշվով այդ հարցն էլ այս պահին ակտուալ չէ: Երբ երկրորդ փուլ հասած թեկնածուներից մեկը հանդես է գալիս ընտրությունները բոյկոտելու կոչով, սա նման է մեկ դարպասով ֆուտբոլային խաղի: Գոնե այս փուլում պետք է ձգտենք մեր դիրքորոշումները ներկայացնել ոչ թե անձնական կապերով ու համակրանքի չափով, այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերից ելնելով:

Այս դիտանկյունից վստահ եմ, որ և թեկնածուների և բոլոր ակտիվ դերակատարների՝ քաղաքական գործիչների ու ուժերի համար պետք է հստակ խնդիր դրվի պատրաստ լինելու օրըստօրե մոտեցող այն մարտահրավերներին, որոնք պարզորոշ երևում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի, համավարակի տարածման և այլ երևույթների տեսքով, իսկ դրանք ավելի զգայուն են դառնում չլուծված հակամարտության միջավայրում:

  • Կիսվել: