հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 731 զանգ

Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 731 զանգ

2022 թվականի մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 731 զանգ, որից 47-ը արտակարգ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 10 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք:
 
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 97 պայթուցիչ, 6 հրթիռ, հրթիռակասետային 8 ռումբ, ականանետի 32 ական, 51 արկ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, ձեռքի 2 և նռնականետի 16 նռնակ:
 
Շաբաթվա ընթացքում հրդեհի դեպք չի արձանագրվել:
 
Երեկ՝ մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած:Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր: Պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով՝ տեղի ուժերով, իսկ տուժած՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Վ. Դ-ն տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
 
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Գ. Դ-ին պատկանող բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը:
 
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
 

  • Կիսվել: