հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ն այս քայլով քաղաքական պատգամ է փոխանցում Հայաստանին․ Կիրո Մանոյանը Արցախի օգնությունը դադարեցնելու մասին

ԱՄՆ-ն այս քայլով քաղաքական պատգամ է փոխանցում Հայաստանին․ Կիրո Մանոյանը Արցախի օգնությունը դադարեցնելու մասին

Արցախին ամեն տարի հատկացվող ֆինանսական օգնության ծրագիրը դադարեցնելու մասին ԱՄՆ կառավարության որոշումը դեռ պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում և անցնի երեք պալատներով, InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին ամեն տարի հատկացվող 1,5 մլն դոլարի աջակցության ծրագիրը։ Այս ծրագիր նպատակը, հիշեցնենք, Արցախում ականազերծման ծրագրերին աջակցությունն էր։

Կիրո Մանոյանի խոսքով, գործընթացը շարունակվում է, և 2021-ի բյուջեն դեռ քննարկվելու է երկրի օրենսդիր մարմնում։

«Ներկայացուցիչների պալատի 70 և ավելի անդամներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ պետք է անպայման շարունակվի Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունը և մի բան էլ ավելանա։ Հայ դատի հանձնախումբը շարունակում է այդ ուղղությամբ իր աշխատանքը և կոչ է անում, որ ամերիկահայերը դիմեն իրենց ընտրյալ կոնգրեսականներին, որպեսզի փոխեն գործադիրի այս կեցվածքը», - իրավիճակը ներկայացրեց Կիրո Մանոյանը։

Այդուահնդերձ, նրա խոսքով, ԱՄն կառավարությունը արդեն երկու տարի է՝ փորձում է Արցախին հատկացվող աջակցությունը վերանել։ Նրա պնդմամբ, այս որոշումը քաղաքական նպատակներ ունի։

«Նրանք փորձում են իրենց որոշումը արդարացնել՝ ասելով, թե ականազերծման գործընթացը ավարտվում է։ Բայց վստահ՝ այդ որոշման մեջ քաղաքական նպատակ կա, որը ենթադրում է՝ Ադրբեջանին ինչ-որ չափով բավարարել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով ու բացի այդ, կարծես թե քաղաքական պատգամ են փորձում փոխանցել Հայաստանին», -նշեց դաշնակցական գործիչը։

Հարցին, թե ի՞նչ քաղաքական պատգամ են փորձում փոխանցել Հայաստանին, Մանոյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է տալ նրանց՝ ԱՄՆ կառավարությանը։ «Շատ հարցեր կան, և դրանք պետք է ուղղել նրանց, գուցե իրենք պատասխանեն։ Ես միայն կարող եմ ասել, որ այս քայլով փորձում են բավարարել Ադրբեջանին և նաև քաղաքական պատգամ են փորձում փոխանցել Հայաստանին», -նշեց Մանոյանը։

  • Կիսվել: