ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր հեղինակած բանաձևի նախագծում դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր հեղինակած բանաձևի նախագծում դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հեղինակել են բանաձև, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները, կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և զարգացման աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Երկկուսակցական բանաձևում, որը հունվարի 27-ին սկսում է շրջանառվել սկզբնական համահովանավորողների համար, հայտարարվում է, որ «ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները»՝ 2020թ.-ին դեպի Արցախ իրենց լայնածավալ, առանց դրդապատճառի ներխուժումից հետո։

Բանաձևի նախագծում հայտարարվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնական հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրեր 2020թ.-ի պատերազմի ընթացքում և մինչ օրս, ներառյալ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:

2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ապացույցները, ներառյալ՝ հրթիռային հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, քաղաքացիական անձանց գլխատում, սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում և հայ ռազմագերիների խոշտանգումներ և սպանություններ, լավ փաստագրված են հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բանաձևում ընդգծվում է, որ 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարությամբ, որը վերջ դրեց 2020թ.-ի պատերազմին և որը ստորագրված է Ադրբեջանի կողմից, «հստակ հայտարարվում է հոդված 6-ում, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ չանցնելով Շուշիի տարածքով, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ… Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։

Նշվում է, որ անկախ այդ հոդվածից, 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին «Ադրբեջանը ստեղծեց մարդածին հումանիտար ճգնաժամ՝ քաղաքացիական բողոքի քողի ներքո Լաչինի միջանցքի ընդլայնված շրջափակում իրականացնելու միջոցով», ինչը հանգեցրեց «վտանգավոր, էսկալացիոն քայլերի»։

«Լաչինի միջանցքի փակումը, որը ծառայում է որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող կարևորագույն կենսական ճանապարհ, և դրա շրջափակումը թույլ չի տալիս սննդի, կարևոր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը 120,000 մարդու և «լրջորեն վատթարացրել է կյանքի որակը Արցախում ապրող մարդկանց համար, ներառյալ՝ 30,000 երեխաների, 20,000 տարեց անհատների և 9,000 հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների դիվերսիաներ, ինչպիսիք են՝ կարևորագույն բնական գազատարը, էլեկտրահաղորդման գծերը և ֆիքսված ինտերնետը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը բազմիցս զգուշացրել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խափանում է խաղաղության գործընթացը», և հրապարակայնորեն կոչ է արել «Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

Բացի Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելուց, Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության անհապաղ դադարեցնելու և մարդասիրական օգնություն տրամադրելու կոչից, բանաձևով նաև խրախուսվում է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ՝ «համապատասխան քայլեր ձեռնարկելու հետաքննելու համար ադրբեջանական ուժերի կողմից կատարված բոլոր ռազմական հանցագործությունները», միևնույն ժամանակ կոչ է արվում ԱՄՆ-ին միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում և Արցախում՝ «անվտանգության և խաղաղ զարգացման ավելի արդյունավետ ու կայուն երաշխիքների հնարավորություններ բացահայտելու համար», ինչպես նաև «աջակցել ԱՄՆ պատժամիջոցներին՝ գործող օրենսդրական լիազորությունների ներքո՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ իրականացված այլ լավ փաստագրված մարդու իրավունքների խախտումների համար»»,- ըստ Ամերիկայի հայկական համագումար՝ նշված է բանաձևի նախագծում:

«Համագումարը ողջունում է Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության անխոնջ ջանքերը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կողմից Արցախի հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար, մասնավորապես, մինչ Ադրբեջանի կողմից շրջափակումը, որը ևս մեկ մարդասիրական ճգնաժամ է առաջացրել, արդեն յոթերորդ շաբաթն է ընթանում»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հորդորում ենք ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը դադարեցնել Ադրբեջանի փորձերը՝ ուղղված հայ ժողովրդի էթնիկ զտմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելուն՝ հանուն իր շահի»:

  • Կիսվել: