Արցախում տեխզննության կտրոնը կփոխարինվի արատորոշման քարտով
Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։
Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը:
Քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պարբերականությանը, տեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:
Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:
Նիստին հրավիրված էր ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը: Ոստիկանությունը հանդես է գալիս որպես գործընթացը վերահսկող մարմին:
Պատգամավորների հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո օրինափաթեթը քվեարկության դրվեց: ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին: